Այսօր մեզ հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես իրավացիորեն հիշեցրեց, թե ինչպես էին իմքայլականները ոչ վաղ անցյալում մերժում իրենց նախագծերը, երբ առաջարկում էին 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետախուզման մեջ գտնվող տղաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:
Կառավարությունն այսօր որոշել է բանակում չծառայածների նկատմամբ համաներում կիրառել:
Մարուքյանի խոսքով՝ «Ես սա գնահատում եմ՝ որպես նախընտրական շրջանում արված քայլ: Նախկինում չեն թողել, որ մենք անենք, որ դրա կրեդիտը, PR-ը իրենք ստանան: Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ինձ հետաքրքիր է խնդրի լուծումը, եւ իրենք խնդիրը լուծում են այն ճանապարհով, որը մենք ասել ենք՝ նույնությամբ: Աբսուրդն այն է, որ մեզ միշտ ասվել է, նամակներ ունեմ, եզրակացություններ ունեմ պաշտոնական, որ դա անհնար է, դա մեր անվտանգության համար սպառնալիք է, չի կարելի նման բան անել, դա կազդի մյուսների վրա, նրանք նույնպես կխուսափեն ծառայությունից: Մենք ասում էինք՝ այդ տղաները վերադառնալու ճանապարհ չունեն, միեւնույն է, չեն գալու, որ գնան բանակ, բայց այդ ներուժը չպետք է դրսում պահենք քրեական գործերով: Միշտ նման պատասխաններ են տվել»:
Կարդացեք նաև
Ընդ որում, ԼՀԿ-ն դա առաջարկում էր նաեւ պատերազմից առաջ. «Պատկերացնո՞ւմ եք պատերազմի ժամանակ եւս 5000 մարդ երկրում ավելի լիներ: Ամեն օր խոսվում է մարդկային ներուժի մասին, մենք առաջարկում էինք տալ հնարավորություն՝ մարդիկ գան հայրենիք: Մեր տղամարդիկ դեգերում են օտար ամայի ճամփեքին, շատերը ամուսնացած էլ չեն, դեմոգրաֆիական խնդիրներ էլ դրանով կարող էինք լուծել, գան, ամուսնանան հայ աղջիկների հետ: Չեն արել երկար տարիներ: Ուզում է PR անեն, ինչ ուզում են անեն՝ մեզ պետք է, որ գան հայրենիք, կողմ ենք լինելու բնականաբար»:
Մեր դիտարկմանը, որ սա PR է գուցե այդ 5000 տղաների մոտ, բայց ոչ այն ընտանիքների, որոնք իրենց ամենաթանկն են տվել այս պատերազմին, իրենց զավակներին են տվել, հիմա ստացվում է, որ ծառայությունից խուսափածները կարող են գալ եւ հավասար հարթության մեջ հայտնվել իրենց որդիների հետ՝ Մարուքյանն արձագանքեց. «Հավասար հարթության մեջ որեւէ ձեւով չեն հայտնվում, որովհետեւ նրանք այլեւս չեն կարող ծառայել, բայց նաեւ հետախուզման մեջ չեն: Յուրաքանչյուրն իր ձեւով իր ներդրումն ունեցել է, մի բան է խանգարել գալ հայրենիք՝ դա քրգործերն են եղել: Նրանցից շատերը տարբեր երկրներում ծառայել են, օրինակ: Բայց ես չեմ կարծում, որ նրանց պետք է համեմատել մեր հերոսների հետ»:
Այսօր Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ այդ տղաները կգան եւ երկրի համար մոբիլիզացիոն ռեսուրս կլինեն: Մարուքյանն արձագանքեց. «Իրենք իրենց անելիքի համար նման բաներ են ասում: Մեկը իրենց հարցնի՝ մոբիլիզացիոն ռեսուրսն ուզում եք, որ ի՞նչ անեք, ի՞նչ է ուզում անի Անդրանիկ Քոչարյանր, ուզում է սուրը ճոճի, հա՞, որ մոբիլիզացիոն ռեսուրս է փնտրում»:
Ըստ Մարուքյանի, մեր հայրենակիցները հետախուզման մեջ են գտնվում ու այդ խնդիրը պետությունը կարող էր վաղուց լուծել. «Սա չպետք է լինի նախադեպ, որ ասեն՝ ապագայում էլ կանենք: Ո՛չ, չենք անի: Մեր նախագիծն էլ է այդպես եղել: Հիմա ասում են՝ մոբիլիզացիոն ռեսուրս; Բա այն ժամանակ, երբ բողազներս ճղում էինք, ասում էինք՝ մոբիլիզացիոն ռեսուրս է մեզ պետք, թողեք գան, ինչի՞ չէին թողնում: Մեծ-մեծ խոսալով, բանով՝ մտածում էին դա են իրենք»:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ