Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էին Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարը ստեղծեին, չեն կարողանա, որովհետեւ իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս. Գեւորգ Գորգիսյան

Ապրիլ 08,2021 20:50

Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջնական զեկույցի հետ կապված հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ այն պետք է հաստատեին բոլոր նրանք, ովքեր աշխատանքներ էին իրականացրել, մինչդեռ «Իմ քայլի», ԲՀԿ-ի պատգամավորները ստորագրել են, «Լուսավոր Հայաստանից» անհայտ պատճառներով չեն հաստատել, չնայած զեկույցում ներառված են Գեւորգ Գորգիսյանի տեսակետները. «Ակնհայտորեն քաղաքական  նկատառումներով է սա պայմանավորված: Մենք պայմանավորվել էինք՝ աշխատում ենք այնպես, որ քաղաքական շահարկումներ չլինեն: Մենք պահել ենք այդ խաղի կանոնները»,- ասել էր Քոչարյանը:

Այս առնչությամբ Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Զեկույցը ուղարկվել էր ԱԺ նախագահին նոյեմբերի սկզբներին՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, երբ երկրում քաղաքական խորը ճգնաժամ էր եւ այդ պահին մենք ուղղակի չհասցրեցինք ծանոթանալ վերջնական զեկույցին ու միանալ դրան, բայց  դրանից հետո էլ առիթ չի եղել: Հիմա ավելի առաջնային գործեր կան»:

Մեր դիտարկմանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դուք առաջնորդվել եք քաղաքական մոտեցմամբ եւ ձեր որոշումը քաղաքական է եղել, չնայած պայմանավորվել էիք հանձնաժողովը քաղաքական գործընթացներից զերծ պահել՝ Գորգիսյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանը երեւի չգիտի, որ ԱԺ-ն քաղաքական շենք է եւ այստեղ չկա որեւէ գործողություն, որեւէ կառույց, որը քաղաքական չէ, այդ թվում քննիչ հանձնաժողովը քաղաքական մարմին է եղել՝ քաղաքական գործունեություն կատարող: Այո, մենք փորձել ենք հանձնաժողովի ամբողջ գործունեությունը հիմնել փաստերի վրա, հետազոտությունների վրա եւ դրանք չպայմանավորել քաղաքական նպատակահարմարությամբ: Բայց ելնելով նրանից, որ այսօր դեռ այդ զեկույցը չի հրապարակվել, դա արվել է իշխող խմբակցության քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այնտեղ կան խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016-ին եւ չէին շտկվել մինչեւ 2020-ի պատերազմը: Եվ հետո իրենց ձախողումներն ու կորուստները վերջին պատերազմում անհամեմատելի են 2016-ի պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի գրոհները, այս անգամ, փաստորեն, չկարողացանք: Այն արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ հանձնաժողովից, դա Սերժ Սարգսյանի պարտված, ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, փաստորեն չեն կարողանա  ստանալ, որովհետեւ իրենք շատ ավելի ձախողված են այդ ֆոնին դուրս գալիս»:

Ճշտեցինք՝ այսինքն, երես չունե՞ն 44-օրյա պատերազմից հետո ապրիլյան պատերազմի զեկույցը հրապարակել՝ Գորգիսյանը պատասխանեց. «Հա, ես կարծում եմ այն խնդիրները, որ պիտի քննարկեինք, որ եղել են ապրիլյան պատերազմին, դրանք նույնությամբ կրկնվել են 44-օրյա պատերազմում: Մենք տասնապատիկ ավելի շատ խնդիրներ ենք ունեցել ու հարյուրապատիկ ավելի շատ կորուստներ ենք ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930