Aravot.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը
– Կառավարությունն այսօր հավանություն տվեց համաներման նախագծին: Ըստ այդմ, մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած եւ դասալքության մեջ մեղադրվող անձինք կազատվեն պատասխանատվությունից: Նաեւ`մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձինք, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ եւ դատարան, նրանք նույնպես կազատվեն պատասխանատվությունից։ Ի՞նչ հետեւանքների կբերի այս համաներումը, ինչպե՞ս եք մեկնաբանում կառավարության այս քայլը:
– Կարծում եմ, որ ամենավտանգավոր և հոռի հետևանքը լինելու է հանրային գիտակցության մեջ այն մտայնության ամրապնդումը, թե «կարելի է խուսափել ծառայությունից, երկրից հեռանալ, իսկ հետո մի գեղեցիկ օր մե՛կ է, համաներում կլինի, խնդիրը կջրվի, կգնա»։ Բոլոր այն ընտանիքների համար, որոնք իրենց որդիներին երկրից դուրս ուղարկելու հնարավորություն ունեն, կառավարությունն ըստ էության ասում է`«Ձեր որդիները կարող են խուսափել ծառայությունից, թո՛ղ ծառայեն նրանք, ովքեր լրիվ անճար են»։
Իհարկե, սա հիմնավորվում է «մարդասիրության և համերաշխության» մասին գեղեցիկ բառերով (օրենքի նախագծում հենց այդ բառերն են), բայց իրականում ճիշտ հակառակն է առաջ տանում։
Կարդացեք նաև
Ենթադրում եմ, որ իրական նպատակը՝ ընտրություններից առաջ շահառուների ոչ մեծ խմբից դիվիդենտներ «քերելն» է Փաշինյանի կուսակցության համար, թեպետ այստեղ հակառակ կողմն էլ կա, որ այս օրինագիծը կարող է վանել այն մարդկանց, որոնց որդիներն իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի ամբողջ ծանրությունը, մինչ իրենց ավելի «ճարպիկ» հասակակիցները խուսափում էին ծառայությունից արտասահմանում։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագծի նպատակը քաղաքական է եւ այն քննարկելի չէ: Մինչդեռ, նախորդ կառավարությունում եւ խորհրդարանում, հենց ՊՆ–ի բուռն հակազդեցության արդյունքում օրենքի կիրարկման ժամկետը չէր երկարացվում, համաձայն որի զինծառայությունից ինչ–ինչ պատճառներով խուսափած անձինք, յուրաքանչյուր զորակոչի դիմաց որոշակի գումար էին վճարում պետբյուջե`ազատվելով քրեական հետապնդումից: Ժամկետի վերջին երկարացումը բուռն քննարկումների արդյունքում եղավ: Ի՞նչ խնդիր էր լուծվում այն ժամանակ, ի՞նչ խնդիր է լուծվում այժմ:
– Առաջին անգամ, երբ հնարավորություն տրվեց ծառայությունից խուսափած մարդկանց՝ վճարելով գումար, գործերը կարճելու, դա արվում էր այն իրականության ֆոնին, որ ամբողջ 1990-ականների ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ արտագաղթել էին երկրից, երկրում քաոս էր, և շատերը մեկնել էին իրենց երեխաների հետ նույնիսկ չմտածելով ապագայում ծառայել-չծառայելու մասին։ Արտագաղթել էին, հաստատվել տարբեր երկրներում, հետո տարիներ անց փորձում էին վերադառնալ Հայաստան ու չէին կարողանում։ Կրկնում եմ՝ քաոսային, շատ խառը իրավիճակ էր։
Այդ ժամանակ, կարծում եմ, արդարացված էր այդ մոտեցումը մեկընդմիշտ թերթելու այդ էջը և մեկ անգամ հնարավորություն տալու այդ մարդկանց վերադառնալու։
Այն, որ հետո իշխանությունները սկսեցին ամեն տարի երկարացնել այդ օրենքի գործողությունը, ես համարում եմ սխալ մոտեցում։ Եւ այդ երկարացումներից շատ սխալ ուղերձ էին ստանում մարդիկ. ոչ թե համերաշխության, այլ որ կարելի է խուսափել ծառայությունից մի քանի տարի, իսկ 27 տարեկանը լրանալուց հետո վճարել և քրեական հետապնդումը չեղարկել։
Իսկ հիմա, առավել սխալ եմ համարում՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները։ Առանց այն էլ մարդկանց հոգեբանորեն դժվար է հիմա իրենց զավակներին բանակ ուղարկել, կառավարությունն էլ դեռ մի բան էլ այս մարդկանց կարծես հուշի. «Մի ճար արեք, փախցրեք ձեր որդիներին, հետո մի բան կանենք, մի բան կլինի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ