Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, ապրիլի 8-ին շարունակվեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի և մյուսների գործով դատական նիստը:
Ամբաստանյալներից Էդուարդ Հովհաննիսյանի պաշտպան Ալեքսան Թումանյանը միջնորդեց գործը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով: Դատարանի դահլիճում նա հայտարարեց. «Գևորգ Լոռեցյանին վերագրվում է արարք, որը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի դիսպոզիցիային, այդ արարքի իրավաբանական որակավորումը չի համապատասխանում նկարագրվող արարքի բնույթին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է ընդհանուր հովանավորչության և ապրանքների մատակարարմանը չխոչընդոտելու համար կաշառք պահանջելու համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գևորգ Լոռեցյանը կատարել է ընդհանուր հովանավորչություն, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե այն ինչպես է դրսևորվում կամ ինչպես պետք է դրսևորվեր: Ոչ մեղադրողը, ոչ էլ դատարանն այդպես էլ չհստակեցրին մեղադրանքը, թե ինչ է նշանակում ընդհանուր հովանավորչություն և ինչպես պիտի այն դրսևորվեր: Դատարանը գործը դատական քննության նախապատրաստելիս պարտավոր էր կայացնել գործը մեղադրողին վերադարձնելու որոշում, քանի որ Գևորգ Լոռեցյանի արարքին տրված իրավաբանական որակավորումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը և չի բխում գործում առկա ապացույցներից»:
Մեղադրող դատախազ Դավիթ Սարգսյանն առարկեց և միջնորդությունն անհիմն համարեց: Նա, մասնավորապես նշեց. «Գտնում եմ՝ միջնորդությունն անհիմն է և ենթակա մերժման: Դատարանը գործը վարույթ ընդունելիս գործը կարճելու որևէ հիմք չի նկատել: Նման պայմաններում, երբ որևէ ապացույց, փաստական տվյալ դեռևս դատարանը չի կարողանում հետազոտել, այս միջնորդությունը ժամանակավրեպ է և ենթակա մերժման»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Վերադառնալով խորհրդակցական սենյակից Արտուշ Գաբրիելյանը հայտնեց՝ դատարանը կայացրել է պաշտպանի միջնորդությունը մերժելու որոշում:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ