Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորած ռեսուրսը միանգամից դառնում է մոբիլիզացիոն ռեսուրս, տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ գան». Անդրանիկ Քոչարյանը՝ բանակում չծառայածներին համաներելու մասին

Ապրիլ 08,2021 18:50

Կառավարությունն այսօր որոշել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետախուզման մեջ գտնվող տղաների համար համաներում կիրառել: Խոսքը բանակում չծառայածների մասին է:

Հիշեցնենք, որ այս հարցի հետ կապված ամեն անգամ օրենքը փոխում էին, մե՛կ սահմանում էին, որ այդ տղաները գան,  գումար տան ու ազատվեն քրեական հետապնդումից, մե՛կ սահմանեցին, որ գան ծառայեն ու կներվեն, մե՛կ որոշվեց, որ այլեւս ներում չի լինելու որեւէ պայմանով, հիմա էլ հայտարարվում է, որ կայացվել է քաղաքական որոշում:

Այս առնչությամբ այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցին՝ սա անարդար որոշում չէ՞ր այն տղաների նկատմամբ, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար՝ պատասխանեց. «Դուք մի բան հաշվի չեք առնում՝ նախքան պատերազմը եւ պատերազմից հետո: Պատերազմը ուղղումներ մտցրեց, որի արդյունքում քաղաքական որոշումը դարձավ առաջնային»:

Նա հիշեցրեց, որ ինքը, Արման Բաբաջանյանը եւ Մխիթար Հայրապետյանը նախագիծ էին մշակել, որ կանխեին այն դեպքերը, որ ծնողները փոքր ժամանակ որդիներին հանում էին երկրից. «Ես ինքս օրինագիծը հետաձգեցի, որովհետեւ այդ իրավակարգավորումը որեւէ լուծում չէր տալու, ընդհակառակը, խորացնելու էր: Հետպատերազմյան շրջանում մենք այսպիսի խնդիրների զրոյացման փուլ պետք է անցնենք»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս պատերազմի ընթացքում մի սերունդ կա, որը չկարողացավ գա ու մասնակցի պատերազմին՝ նաեւ հոգեբանական բարդույթի պատճառով ու այս նախագծով լուծում են այդ խնդիրները. «Դուք մի մոռացեք, որ դա մեր երկրին դառնում է մոբիլիզացիոն ռեսուրս: Կորած ռեսուրսը միանգամից դառնում է մոբիլիզացիոն: Նրանցից շատերը ստացել են հրաշալի կրթություն: Մենք տալիս ենք մեկ տարի ժամանակ, որ գան, որից հետո լինելու են խստացումներ: Ծնողները պիտի իմանան, որ դրանից հետո դուրս գալով՝ միջազգային հետախուզման մեջ կհայտնվեն»:

Մեր հարցին՝ դուք ասում եք՝ մոբիլիզացիոն ռեսուրս է, բայց երաշխիք չունեք չէ՞, որ իրենք չեն գա այստեղ, ասենք, Աշտարակի ձորում խորոված անեն, հարազատներին տեսնեն, կարոտն առնեն ու գնան երկրից, դուք իրենց հետո արգելելո՞ւ եք գնալ երկրից՝ նա պատասխանեց. «Չէ, չեմ արգելելու, բայց ես իրենց առաջարկ եմ անելու: Գալը արդեն դառնում է քո ռեսուրս: Երբ քրեական հետապնդումից ազատվում են, իրենք չեն կարող դուրս գան, նորից քրեական հետապնդման ենթարկվեն: Իրենց ՊՆ-ն տարբեր ծրագրերի մեջ կարող է նաեւ օգտագործել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930