«Չաարատ Կապան» ՓԲԸ–ի՝ Կապանի լեռնահարստացման նախկին կոմբինատի աշխատակիցները, ինչպես նշեցին Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում, դադարեցրել են բողոքի ցույցը ու երեկոյան հերթափոխը պատրաստ էր աշխատանքի դուրս գալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի, առավոտյան, կոմբինատի մոտ 400 աշխատող հրաժարվել էին մտնել հանքախորշ։
Նրանք պահանջում էին աշխատանքի կանչել աշխատավարձի 2/3–րդ մասի վճարված հարկադիր պարապուրդի ուղարկված 15 աշխատակիցներին, ապահովել աշխատանքային պայմանները, բարձրացնել աշխատավարձերը եւ ապահովվել անհրաժեշտ սարքավորումները։
Կարդացեք նաև
Ըստ բողոքավորների, տնօրինությունը սկզբում չէր ուզում փոխզիջման գնալ, բայց մոտ 5 ժամ տեւած բողոքի ակցիայի մասնակիցներին հավաստիացրեցին, որ ապրիլի 15-ից հետո բոլոր խնդիրները լուծված կլինեն։ Միաժամանակ տնօրինությունը հետ կանչեց հարկադիր պարապուրդի ուղարկված 15 աշխատակիցներին։
Aravot.am-ն օրվա ընթացքում փորձում էր պարզաբանում ստանալ ընկերության պատասխանատուներից։ «Չաարատ Կապան» ՓԲԸ–ի կայքում նշված ոչ մի հեռախոսահամարով մեզ չհաջողվեց կապվել նրանց հետ։ Մեր զանգերին չպատասխանեց նաեւ ընկերության մամուլի պատասխանատուն։
Ինչեւէ, մեզ հետաքրքրող հարցերը գրավոր, ըստ պահանջվող կարգի ուղարկել են ընկերության ղեկավարությանը։ Ստանալուն պես այն կհրապարակենք։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ