Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աշխատանքային շրջայցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շրջել մասնաշենքում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը փոխվարչապետին են ներկայացրել կառույցը, կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, կոնկրետ բուժումների նպատակով կահավորված սրահներն ու սարքավորումները:
Փոխվարչապետը ծանոթացել է շենքային պայմաններին ու զինվորների բուժման ընթացքին: Տիգրան Ավինյանը շրջել է հիվանդասենյակներով, զրուցել բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջության վերականգնման ընթացքի մասին: Նա այցելել է կենտրոնում գործող գրադարան, ճաշարան ու հանգստի սենյակ, ինչպես նաև ծանոթացել պրոթեզավորման համար կառուցվող մասնաշենքի վերանորոգման աշխատանքներին:
Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ու փոխնախարար Տաթև Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի, ԵՊԲՀ-ի և ՊՆ-ի հետ համատեղ 2018 թվականին: Այն գործում է բարեգործական և անվճար հիմունքներով՝ միայն վիրավոր զինվորների, զինհաշմանդամների և զինծառայության հետևանքով առողջական խնդիրներ ձեռք բերած ՀՀ քաղաքացիների համար: Ամբուլատոր պայմաններում անվճար բուժում կարող են ստանալ նաև զոհված ազատամարտիկների երեխաները: Կենտրոնի ծրագրերից ցայժմ օգտվել է շուրջ 3000 անձ։ Ներկայումս քննարկվում է կենտրոնի գործունեության ընդլայնման ծրագիրը: Այն ենթադրում է բազմապրոֆիլ բուժական հաստատության հիմնում, որը հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն