Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, մեկը՝ ես, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 08,2021 18:10

Իշխանությունը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, մինչդեռ 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու պատճառով գործը կարճվեց, հիմա դուք քաղաքական պատասխանատվություն զգո՞ւմ եք ձեր հայտարարությունների համար. այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում այս հարցին ի պատասխան ասաց. «Իսկ 8 դատավորները, որ այդ որոշումը կայացրեցին, պատասխանատվություն կրո՞ւմ են այդ 80 հատորների համար, որ մեր հասարակությանը զերծ պահեցին՝ հասկանալու՝ գործը բացվա՞ծ է, թե՞ չէ»:

Դիտարկմանը, որ դուք էիք ընտրել նրանցից 3-ին՝ Քոչարյանն արձագանքեց. «Որոշ մասին, բայց դա 8-ը չի: Մյուս 5-ն այս խնդրին պատրաստ էին՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Կասկած չունենաք, եթե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվեր խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական: Ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց կայացրած որոշումը, այս 300.1-ը իրո՞ք հակասահմանադրական է, թե՞ Հրայր Թովմասյանի ճաշակով է եւ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց չէ՞ որ այդ հոդվածը իրենք են դրել տարիներ շարունակ՝ իրենց հայրիկների եւ մայրիկների հետ՝ Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանը, պարբերաբար այս Սահմանադրությունը փոխում էին: 300-ը ինչի՞ փոխեցին ժամանակին: Հայաստանում, ըստ էության, բոլորի ձեռքերն ազատ են թողնում, որ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան՝ անե՞ն: Դավիթ Հարությունյանին ինչի՞ չեք հարցնում՝ ինչո՞ւ փոխեցիր 300 հոդվածը, այն ժամանակ սահմանադրակա՞ն էր: Որովհետեւ այն ժամանակ միջազգային լուրջ ճնշում կար եւ քաղբանտարկյալներ կային: Մարտի 1-ի հենց առնչությամբ այդ խնդիրը լուծելու համար իրենք այսպիսի իրավական բոլոլա արեցին»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 850 վկայություն կա Մարտի 1-ի հետ կապված այդ 80 հատորում ու պետք է հրապարակվի. «Ռոբերտ Քոչարյանի շահերը ՍԴ-ն պաշտպանեց, բայց Մարտի 1-ին բան չի՞ եղել, բանակ չի՞ օգտագործվել: Սեյրան Օհանյանն ասում էր՝ ժողովուրդը մի բան արել է, չէ՞, որ բանակը բերվեց: Սեյրան ջան, այդ մի բան անելը մի հատ թվարկիր, հասկանանք: Այդ հարցերի պատասխանը պիտի դատարանը տար: 2,5 տարի փաստաբանական թիմը տեղապտույտի մեջ պահեց հասարակությանը»:

Հարցը նորից կրկնվեց՝ լավ, դուք քաղաքական պատասխանատվություն չե՞ք զգում, ասել եք՝ գործը բացահայտված, բայց մարդիկ ոչ մի բան էլ չեն իմանում՝ Քոչարյանը պատասխանեց, որ այդ իրավունքից մարդկանց զրկեցին ՍԴ անդամները. «ՍԴ 8 անդամները, որոնցից 3-ին մենք ենք ընտրել, այ ինձ հետաքրքիր է՝ հատկապես Խունդկարյանին ինչի՞ ենք ընտրել, նա 42 էջից բաղկացած հատուկ կարծիք է գրել: Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, այսքան տարիների մեջ արտահայտվեիր, որ մեր Սահմանադրությանը հակասող հոդված կա, պատրաստվե՞լ էիր, 42 էջը գրել, հիմնավորել էիր»:

Հարցին՝ լավ, հիմա այս գործն այսպես փակվելու է, գնա՞՝ Անդրանիկ Քոչարյանը «Մկների ժողովը» հիշեցրեց. «Մեր ազնիվ ցեղը գնալու է կորի՞: Չէ…Մի վայրկյան, Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանեց ՍԴ-ն, բա տուժողների շահերն ո՞վ պետք է պաշտպանի: Այս Սահմանադրությունը մենակ Ռոբերտ Քոչարյանի համա՞ր էր: Լավ, սահմանադրական մեր ջեֆերսոնները, որ անընդհատ մանիպուլացնում, փոխում ու կարում էին, այն ժամանակ սահմանադրական էր, հիմա՝ հակասահմանադրակա՞ն»:

Հետո Քոչարյանը հայտարարեց. «Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, մեկը՝ ես, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար»:

Դիտարկմանը՝ մի հատ էլ փոխեք՝ նա պատասխանեց, որ գուցե ընտրությունները կտան հնարավորություն այս հարցերին նայել՝ հաշվի առնելով ոչ թե անհատական, այլ՝ երկրի շահերը:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախկինում Սահմանադրությունը գրված էր, բայց «սիամական զույգերը»՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այլ համակարգով էին առաջնորդվում, Սահմանադրությունը տնօրինում էր «ախպերութունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930