Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները մարտին աճել են՝ արձանագրելով տասներորդ անընդմեջ ամսական աճը: Աղյուսակը գլխավորում են բուսական յուղերի և կաթնամթերքի գները:
Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, մարտ ամսվա ընթացքում կազմել է միջինը 118.5 նիշ, ինչը 2.1 տոկոսով բարձր է փետրվար ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը՝ 2014թ.-ի հունիսից ի վեր:
Գները տատանվել են ըստ ապրանքատեսակների: Մարտ ամսվա աճը գլխավորում է ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, որը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 8.0 տոկոսով և հասել գրեթե 10 տարվա մեջ արձանագրած ամենաբարձր ցուցանիշին՝ սոյայի յուղի գնի կտրուկ աճով պայմանավորված, մասամբ էլ կապված բիովառելիքի մեծ պահանջարկի հեռանկարների հետ:
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը փետրվար ամսվա համեմատ աճել է 3.9 տոկոսով: Կարագի գներն աճել են՝ Եվրոպայում փոքր-ինչ ավելացած մատակարարումների քանակների շնորհիվ, որոնք կապված են սննդի ծառայությունների ոլորտի վերականգնման ակնկալիքի հետ: Կաթի փոշու գները նույնպես բարձրացել են, ինչին նպաստել է Ասիայում, մասնավորապես Չինաստանում, ներմուծման աճը, Օվկիանիայում արտադրության անկումը, իսկ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում տրանսպորտային բեռնարկղերի սակավ հասանելիությունը:
Կարդացեք նաև
ՊԳԿ մսի գնային ինդեքսը նույնպես աճել է, փետրվար ամսվա համեմատ 2.3 տոկոսով: Խոշոր եղջերավոր անասունների մսի գները կայուն են մնացել, մինչդեռ ոչխարի մսի գինը նվազել է:
Հակառակ վերոնշյալի, ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նվազել է 1.8 տոկոսով, սակայն այն դեռևս 26.5 տոկոսով բարձր է 2020թ.-ի մարտի ցուցանիշից: Եգիպտացորենի և բրնձի գները նույնպես նվազել են, իսկ սորգոյինը աճել:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ամսվա ընթացքում նվազել է 4.0 տոկոսով, ինչը պայմանավորված է Հնդկաստանից մեծաքանակ արտահանումների հեռանկարներով, բայց այն ավելի քան 30 տոկոսով բարձր է իր նախորդ տարվա մակարդակից:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:
ՊԳԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակ