Վարչական դատարանում այսօր դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ սկսվեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Ղուկասյանի՝ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի դեմ ուղղված հայցի քննության նախնական դատական նիստը։ Այս հայցով նախկին խորհրդականը պահանջում է վերացնել Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից իրեն ազատելու մասին 2020թ․ հոկտեմբերի կարգադրությունը, վերականգնել իրեն ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Հայցվոր Հրայր Ղուկասյանը նիստին չէր ներկայացել, իր շահերը լիազորել էր ներկայացնել փաստաբան Տիգրան Ղազարյանին։ Նա էլ նիստի մեկնարկին դատավոր Անի Հարությունյանին միջնորդեց բացարկ հայտնել եւ հիմնավորեց այսպես․ «Հայցը մուտքագրելիս ես վարչական դատարանի նախագահին խնդրել էի, որպեսզի գործը մակագրվի այնպիսի դատավորի, որն Արման Դիլանյանի՝ վարչական դատարանում պաշտոնավարման ընթացքում չի եղել դատավոր։ Կասկած է հարուցում այն հանգամանքը, որ համատեղ աշխատած դատավորները կարող են շահագրգռվածություն ունենալ՝ միջանձնային հարաբերություններով պայմանավորված։ Դուք եւ պատասխանող Արման Դիլանյանը համատեղ աշխատանքային գործունեություն եք իրականացրել տարիներ շարունակ վարչական դատարանում։ Գտնում ենք, որ ողջամիտ կասկած կա այս գործով վերջնական ակտի ելքի տեսանկյունից։ Խնդրում ենք հայտնել ինքնաբացարկ»։
Դատավոր Անի Հարությունյանը հարցրեց․ «Իսկ ձեզ չի կաշկանդո՞ւմ այն հանգամանքը, որ ձեր վստահորդը չորս տարի հանդիսացել է իմ դասախոսը»։ Տիգրան Ղազարյանը պատասխանեց, որ տեղյակ չի եղել․ «Բայց եթե կաշկանդում է, դա եւս մեկ հիմք է ինքնաբացարկ հայտնելու»։
Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 12-ին՝ 14։00-ին․ հայցի քննությունն այդ օրը չի շարունակվի։
Կարդացեք նաև
Նիստի ավարտին Տիգրան Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այս պահին նպատակահարմար չեն գտնում Հրայր Ղուկասյանի հայցադիմումի հիմքերը հրապարակել, թեեւ դրանում գաղտնի բան չկա․ «Գտնում ենք, որ կոպտագույն խախտումներով է եղել գործընթացը, եւ թե պարոն Գրիգոր Մուրադյանը, թե պարոն Հրայր Ղուկասյանն աշխատանքից ազատվել են կոպտագույն խախտումներով»։
Հիշեցնենք, որ այսօր սկսվել է նաեւ Արման Դիլանյանի դեմ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի քննությունը՝ գրեթե նույն պահանջով։ Մուրադյանի շահերի ներկայացուցիչը եւս Տիգրան Ղազարյանն է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ