Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, կրկնեց իր ու պաշտպանության նախարարի այն միտքը, որ բանակում լայնածավալ, խորքային, բովանդակային բարեփոխումների գործընթաց է սկսվել:
Չի կարող նկարագրված որակի կամ ծավալի բարեփոխումներ լինել ու դրա ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ հանրային իրազեկման հատվածը լինի զրոյական: Հանրային լսումներ, քննարկումներ, պարզ մատչելի տեղեկատվություն… ոչինչ չկա: Կան խոստումներ, հայտարարություն և ուրիշ ոչինչ:
Բացի մեկ-երկու ստանդարտ ձևակերպումից, ոչինչ «բարեփոխման» տակ չկա: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետք է արվի, ի՞նչ ժամանակային կտրվածքով ու ինչպե՞ս: Նույնիսկ այդ ամենի բազային տեղեկատվությունը բացակայում է:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարն արդեն 5 ամիս է այդ պաշտոնին է, բայց միակ բանը, որում աչքի է ընկել, դա լրագրողների հետ շփումներից խուսափելն է:
Մեկ-երկու լրատվամիջոցի ընդհանուր ձևակերպումներով հարցազրույցներ տալը, որևէ հարց չի լուծում:
Հատկապես այս փուլում, երբ հանրությունը բացի ռեֆորմների թեմայից, մեծ թվով այլ հարցադրումներ ունի, սակայն հասցեատերերը ամեն գնով փախչում են իրականությունից, այս պայմաններում այստեղ միայն անլրջության հոտ է գալիս:
Երկրում պատերազմ է եղել, ընդ որում՝ մեզ համար ողբերգական ելքով, բայց պաշտպանության նախարարը շարունակում է խուսափել ամեն ձևի հարցադրումներից:
Պատասխանատվության զգացման տարրական մակարդակը բացակայում է, դեռ չեմ խոսում հարգանքի ու հաշվետվողականության, ունակությունների մասին, ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ այս նախարարից կամ իր բռնած գործից՝ անունը ռեֆորմ կդնենք, թե պարզ դիրքորոշման հստակեցում:
Զինված ուժերում բարեփոխումների մասին խոսում են մարդիկ, որոնց ամբողջ կյանքի մեծագույն նպատակը և գործունեության արդյունքը եղել է այդ բանակի կազմաքանդումը:
Թե՞ նպատակը եղած ռեսուրսի լիակատար փոշիացումն է, մարտունակ բանակ ունենալու հնարավորությունից առհասարակ զրկումը: Սրանից ամեն ինչ սպասելի է: