Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարել։ Այս առնչությամբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծի հիմքում դրված է մարդասիրության ու համերաշխության սկզբունքը։ Ըստ նրա, նախագիծն առնչվում է մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, այսինքն՝ մինչեւ պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից ու զորահավաքային զորակոչից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց:
Նախարարը պարզաբանեց, որ համաներման շահառու են դառնալու նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք։
«Համաներումը չի կիրառվելու այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվում են ՀՀ քրեական օրենսգրքի այլ հոդվածով, այսինքն՝ եթե այլ հոդված էլ կա՝ համաներման ակտը կիրառելի չի լինելու»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Նրա տվյալներով, 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ համաներում է կիրառվել 4976 անձի նկատմամբ, որոնցից հետագայում հանցանք է կատարել 1152-ը, իսկ նրանցից 249-ը՝ երկու ու ավելի անգամ:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ թվում է թե հիմա ամենաանպատեհ ժամանակն է պատերազմից հետո համաներում կիրառելը զինծառայությունից խուսափածների նկատմամբ, սակայն իրենք որոշումը կայացրել են, քանի որ բանակն ու զինված ուժերը թևակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլ։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 եւ ավելի տոկոս, հետախուզվում է հենց այս հոդվածով։
Ռուստամ Բադասյանը հավելեց, որ համաներումով այն քաղաքացիները, որոնք Հայաստան չէին կարող վերադառնալ, կվերադառնան ու կնպաստեն տարբեր ոլորտների զարգացմանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ Սփյուռքում այդ կարգավիճակում մեծ թվով քաղաքացիներ ունենք. «Պատերազմի ժամանակ շատ դեպքեր եղան, որ մարդիկ ուզում էին գալ, կամավոր կռվել, բայց չէին կարող, որովհետև հետախուզման մեջ էին»:
«Համոզված եմ, որ սա ճիշտ որոշում է։ Մենք պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի վերաբերյալ քննարկումներ ունենանք, նաեւ ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, պրոֆեսիոնալների վրա, որովհետեւ մենք տեսանք, որ կա շատ էական տարբերություն պայմանագրային զինծառայողների ու պրոֆեսիոնալ զինծառայողի միջեւ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենք այս քաղաքական պատասխանատվությունը վերցում են իրենց վրա ու կայացնում են քաղաքական որոշում, ոչ թե իրավական։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի