ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը
ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՆԱՆՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Սույն թվականի ապրիլի 7-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ համացանցում հրապարակվել են մի շարք տեսանյութեր, որտեղ առերևույթ արձանագրում ենք ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։
Դրանք իրականացվել են ոչ միայն շարժման կին մասնակիցների նկատմամբ, այլև այն լրագրողների, որոնք այդ ընթացքում կատարել են իրենց աշխատանքային մասնագիտական պարտականությունները։
Կարդացեք նաև
Այսպես, «Yerevan.Today» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանի կողմից կիրառվում անհամաչափ ուժ լրագրողի նկատմամբ:
«Tert.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյութում արձանագրված է, որ ոստիկանների կողմից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվում քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը: Նույն կայքի մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են կրկին բռնի և անհամաչափ ուժ կիրառում ակցիայի կազմակերպիչներ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման կին մասնակիցների նկատմամբ:
«News.am» լրատվական վերլուծական կայքում տեղադրված տեսանյութում արձանագրված է, թե ինչպես են ոստիկանների կողմից կրկին ոչ անհամաչափ ուժի գործադրմամբ բերման ենթարկվում ակցիայի մասնակիցները։
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ոստիկանության ծառայողը որպես բացառիկ միջոց կարող է գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
Փաստում ենք այն, որ ոստիկանությանը վերապահվում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց կիրառել, սակայն այն պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ տվյալ իրավիճակին համաչափ:
Ելնելով վերոգրյալից դիմել եմ ՀՀ ոստիկանապետին քննության առարկա դարձնելու հետևյալը․
1.Արդյոք 07.04.2021 թվականին իրականացված ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կատարված գործողությունները եղե՞լ են համաչափ տվյալ իրավիճակին և վերջիններս թույլ չեն տվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով վերապահված լիազորությունների չարաշահում:
2.Արդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չե՞ն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով»:
3.Արդյոք վերջիններիս կողմից կատարված գործողություններն իրենց մեջ չե՞ն պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ «Օրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը»:
4.Արդյոք բերման ենթարկված անձանց ներկայացվե՞լ են գործողության հիմքերը և այդ կարգավիճակում նրանց իրավունքները։
Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ
ՀՀ ԱԺ ՄԻՊՀՀ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ