Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրներ, որոնք վերաբերում են սահմանների ճշգրտմանը, արոտավայրերին. Սյունիքում աշխատանքային խումբն այցելում է մարզի սահմանային գյուղեր

Ապրիլ 08,2021 14:45

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի 2021թ․ ապրիլի 2-ի N 147-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի սահմանին հարակից տարածքներում տնտեսական գործունեության սահմանանիշերը եւ տարածքները ճշգրտելու, ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով համայնքներին հանձնված զենքի, զինամթերքի պահպանման ու օգտագործման պայմաններն ուսումնասիրելու նպատակով։

Աշխատանքային խմբի ղեկավարն է մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, անդամներն են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓ վարչության, մարզի համայնքների ներկայացուցիչները, մարզպետարանի հողաշինության ու գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները։

Խմբի աշխատանքներում ներգրավված են նաեւ մարզի սահմանամերձ բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք եւ պետք է ապահովեն բնակիչների իրազեկումը կատարված աշխատանքների մասին։

Ապրիլի 5-ից աշխատանքային խումբն արդեն սկսել է այցը մարզի սահմանային բնակավայրեր, աշխատել Վաղատուր, Խոզնավար, Խնածախ, Քարաշեն, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ գյուղերում, աշխատանքային ծանրաբեռնվածության թույլտվության դեպքում նրան է միանում նաեւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը (Տեղում, Կոռնիձորում)։

Մարզպետը, խմբի ղեկավար փոխմարզպետն ու անդամները հանդիպում են բնակիչների հետ, լսում նրանց, քննարկում խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են արոտավայրերին, սահմանների ճշգրտմանը, ապօրինի զենք-զինամթերքի հավաքման կարեւորությանը, այդ գյուղի դիրքերում տվյալ գյուղի բնակիչներին որպես պայմանագրային զինծառայող ընդգրկելու հարցին, որը դեռ օրենսդրական կարգավորումերի կարիք ունի։

Այնուհետեւ 1-ին բանակային կորպուսի ներկայացուցիչների, վարչական ղեկավարի, գյուղի մի քանի տարեցների հետ շրջում են սահմանային տարածքներով՝ նոր սահմանանիշերն ու գյուղի վարչական տարածքները ճշգրտելու համար, արձանագրում այն գիծը, որի մասին պետք է տեղեկացվեն բնակիչները, այն չհատելու, մասնավորապես, անասուններին դրանից այն կողմ չանցկացնելու, գյուղատնտեսական գործունեություն չծավալելու համար։ Նշենք, որ արոտավայրեր ու վարելահողեր կորցրած գյուղացիները գյուղի պահուստային հողերից հնարավորինս ապահովվում են այլընտրանքային հողերով։

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հանդիպումների ժամանակ գյուղացիները նաեւ գարնանացան սերմերի, վառելիքի, պարարտանյութերի, ոռոգման ու խմելու ջրի, ֆինանսական աջակցության հետ կապված հարցեր են բարձրացրել։
Տեղեկացնենք, որ այս տարի Սյունիքի մարզում կառավարությունը 50 տոկոսով սուբսիդավորել է հացահատիկային մշակաբույսերի սերմացուի գումարը։

Առաջիկա օրերին այցերը կշարունակվեն, խումբը կշարունակի աշխատանքը Գորիսի տարածաշրջանի մյուս սահմանային գյուղերում, այնուհետեւ կլինի Կապանի եւ Մեղրու գյուղերում։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930