ՀՀ Կառավարության 3-րդ շենքի աստիճանահարթակի վրա երեկ հայտնվել է «Անվախ աղջկա» արձանը, որի հեղինակն Արմեն Սամվելյանն է, իսկ պատվիրատուն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված «նորաթուխ» արձանը հիշեցնում է 2017թ մարտի 7-ին Նյու Յորքի Բուոլինգ Գրին հրապարակում տեղադրված «Անվախ աղջկան», թեեւ հեղինակը մամուլում հերքել է, որ գաղափարը «թխված» է ամերիկյան տարբերակից:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրել է, որ համաձայն գոյություն ունեցող իրավական ակտերի եւ ըստ ձեւավորված պրակտիկայի՝ Երեւանի տարածքում, հանրային վայրերում արձաններ տեղադրվում են Երեւանի ավագանու որոշմամբ, մինչդեռ ՀՀ Կառավարության 3-րդ շենքի աստիճանահարթակի վրա «Անվախ աղջկա» արձանի տեղադրման վերաբերյալ ավագանու որոշում առկա չէ:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց. «Արձանն այդտեղ տեղադրելու նպատակը հենց դեմքով դեպի շենքը նայելն է, նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր երկրներում, որոնք տեղադրվում են հենց իշխանության, կառավարության շենքերի հարեւանությամբ, եւ աղջիկը` հզոր, համարձակ, դեմքով նայում է դեպի շենքը: Նպատակն է` խրախուսելու կանանց ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, որոշումների ընդունման, ղեկավարման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է արձանի` ՀՀ Կառավարության 3-րդ շենքի տարածքում տեղադրվելու վերաբերյալ ավագանու որոշում չլինելուն, նշենք, որ արձանը պետության ենթակայության շենքի տարածքում է տեղադրվել եւ ոչ թե համայնքային նշանակության, այս դեպքում անհրաժեշտ է եղել Պետգույքի կառավարման կոմիտեի թույլտվությունը: Օրենքի շրջանակում գործընթացն իրականացվել է Պետգույքի կառավարման կոմիտեի հետ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Այս՝ իբրև թե արձանի ամերիկյան բնօրինակը ներկայացնում է գեղեցիկ, առնվազն համակրելի մի աղջիկ, մինչդեռ հայկական ձախավեր պատճենը մեր աչքն է խոթում վհուկադեմ մի ճիվաղ, տխեղծ մարմնով և պսևդոազգային հագուստով․․․ այս այլանդակությունը պետք է անհապաղ հանվի այդտեղից, եթե ոչ, հուսանք գունավոր մետաղների գողերը մաս-մաս կկտրտեն ու կտանեն կիլոյով ծախելու․․․