Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպուտնիկ V»-ի 2 դեղաչափի համար Հայաստանը վճարել է 19 դոլար. Առողջապահության նախարար

Ապրիլ 08,2021 14:08

«Արդյոք մենք ունե՞նք իրավական հիմքեր «Սպուտնիկ V»-ն օգտագործելու: Այո, մենք ունենք բոլոր իրավական հիմքերը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ պարտադիր չէ, որ պատվաստանյութը գրանցված լինի:

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ «Սպուտնիկ V»-ն գրանցվել է Հայաստանում հարցին, տիկին Ավանեսյանն ի պատասխան ասաց, որ խոսքը վերաբերում է թույլտվությանը:

Նրա խոսքով, երբ կավարտվի կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլը, բոլոր պատվաստանյութերն այդ կարգավորումներով կանցնեն: Կլինիկական հետազոտությունը չի ավարտվել, բայց արդեն պատվաստո՞ւմ են մարդկանց հարցին էլ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ 3-րդ փուլը զանգվածային օգտագործման փուլն է, որը նորմալ ընթացակարգային փուլ է. «Կապված ՔՈՎԻԴ-19-ի համավարակի էության հետ, բոլոր երկրներն էլ նման մեխանիզմով թույլատրում են պատվաստանյութն օգտագործել»:

Երեկ գիշերը 15 հազար դեղաչափ եկել է Հայաստան, ըստ նախարարի, «Սպուտնիկ V»-ի 2 դեղաչափի համար վճարվել է 19 դոլար: Նրա խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի ռիսկային խմբից բացի, եթե ցանկացողներ լինեն՝ կարողանան վճարովի պատվաստվել:

Հարցին՝ պետությունն ի՞նչ է անում, որ բոլորը պատվաստվեն անվճար, քանի որ, հնարավոր է մարդը ռիսկային խմբում չէ, բայց՝ փող չունի, նախարարն ասաց, որ պետությունը փորձում է ամեն ինչ անել, որ այլ խմբերը եւս ընդգրկվեն: Նախարարի խոսքով, նույնիսկ զարգացած երկրներում, որոնք ունեն մեծ ֆինանսական ռեսուրսներ, նախ պատվաստում են ռիսկի խմբերին:

«Ես վստահ եմ, որ ընթացքում կավելացնեն այդ խմբերը եւ այն քաղաքացիները, որոնք չունեն հնարավորություն, նրանց էլ կպատվաստեն»:

600 չափաքանակով Հայաստան եկած «Սպուտնիկ V»-ով պատվաստել են ՔՈՎԻԴ կենտրոնների բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդներին եւ 65 տարիքը լրացած քաղաքացիներին: Նախարարն ասաց, որ այս պահին 2500 մահճակալ կա ՔՈՎԻԴ հիվանդների համար, որոնք ամբողջովին սպասարկում են:

Ընտրություններն ինչպե՞ս կանդրադառնան իրավիճակի վրա հարցին, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ միանշանակ է, որ պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները: Ասաց նաեւ, որ այս պահին չկա այնպիսի իրավիճակ, որպեսզի համավարակի պատճառով ընտրությունները հետաձգեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930