Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա համար էի ասում՝ ՍԴ հաստիքները ռեզինից են»․ դատավորը՝ ՍԴ նախագահի նախկին խորհրդականի հայցի քննության ժամանակ

Ապրիլ 08,2021 13:47

Վարչական դատարանում այսօր դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ սկսվեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նախկին խորհրդական, իրավաբան Գրիգոր Մուրադյանի՝ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի դեմ ուղղված հայցի քննությունը։ Այս հայցով նախկին խորհրդականը պահանջում է վերացնել Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից իրեն ազատելու մասին 2020թ․ հոկտեմբերի կարգադրությունը, վերականգնել իրեն ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում, պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։

Գործը քննող դատավոր Մհեր Պետրոսյանը նախ հայցվոր Գրիգոր Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Ղազարյանին տեղեկացրեց, որ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի եւ իր միջեւ որոշակի ժամանակահատվածում գործընկերային հարաբերություններ են եղել, իսկ մտերիմ շփումներ չեն եղել․ «Հայտնեմ, որ կանխակալ վերաբերմունք չունեմ օբյեկտիվ քննություն իրականացնելու տեսանկյունից»։

Պատասխանող՝ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Սամվել Առաքելյանը հայցի առնչությամբ առարկություններ ուներ, որոնք տրամադրեց գրավոր կարգով, ինչպես նաեւ քաղվածք՝ ՍԴ նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի ընտրության վերաբերյալ, թե ինչպես է քվեարկությունը տեղի ունեցել։ «Ընդամենը քվեարկության արդյունքներն են։ Երկու դատավորներ հրապարակել են արդյունքները, մնացածինը չի երեւում»,-տեսնելով քաղվածքը՝ արձանագրեց դատավոր Մհեր Պետրոսյանը։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանն էլ հայտարարեց, որ մտադիր է միջնորդել, որպեսզի դատարանը ՍԴ-ից պահանջի Արման Դիլանյանի ընտրության վերաբերյալ 2020թ ՍԴ աշխատակարգային նիստի որոշումը եւ նիստի ձայնագրությունը։ «Հայցի հիմքը կայանում է նրանում, որ Գրիգոր Մուրադյանի՝ աշխատանքից ազատման դիմումը կայացրել է ոչ պատշաճ սուբյեկտը՝ Արման Դիլանյանը»,-պատճառաբանեց Տիգրան Ղազարյանը։ Դատավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նա ոչ պատշաճ սուբյեկտ․ «Ձեր ողջ հայցի հիմքում դա է»։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-քանի որ ՍԴ երեք դատավորների․․․

Դատավոր Մհեր Պետրոսյան-Արման Դիլանյանն այսօր շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, մասնակցում է նիստերին եւ որոշումների կայացմանը, այսինքն, Հրայր Թովմասյանն ընդունում է, որ Արման Դիլանյանն է ՍԴ նախագահը, այնտեղ կռիվ չեն տալիս բազկաթոռի համար․․․Մի հարց էլ։ ԱԺ պատգամավորների 1/5-ը դիմել էր ՍԴ՝ սահմանադրական փոփոխությունները վիճարկելու համար։ ՍԴ-ն կարճեց գործի վարույթը եւ գտավ, որ սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարցը չի կարող քննարկել ՍԴ-ն։ Դուք հիմա ուզում եք, որ վարչական դատարանը քննարկի սահմանադրականության հա՞րց։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Քանի որ այս պահին քննարկվում է ոչ թե Հրայր Թովմասյանի իրավունքների խախտման հարց, այլ Գրիգոր Մուրադյանի իրավունքների խախտման փաստը, դրա հիմքում դրված է այն փաստարկը, որ վերջինս աշխատանքից ազատվել է կոպտագույն խախտումներով, որոնք արդյունք էին 2020թ․-ի սահմանադրության փոփոխությունների։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Բայց արձանագրված չէ, որ սահմանադրական փոփոխություններն իրավաչափ չեն։ Ես պարոն Թովմասյանի հարցը հիշատակեցի իրավական անվտանգության համատեքստում։ ՍԴ դատարանի այս կազմը կայացրել է որոշումներ։ Հիմա մենք ի՞նչ ընդունենք, որ չունե՞նք ՍԴ, կասկածի տակ դնե՞նք։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Ոչ թե կասկածի տակ ենք դնում, այլ ․․․

Դատավոր Մհեր Պետրոսյան-Եթե ձեր հիմքերին անդրադառնանք, պետք է ասենք, որ չկա ՍԴ նախագահ Արման Դիլանյան, եւ նրա որոշումն իրավաչափ չէ․․․

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Այո, հիմնավորումների հիմքում այդ փաստարկն ենք դրել։ Այլ փաստարկ չկա։ Եթե գտնում ենք, որ կարգադրությունը տվել է ոչ իրավասու սուբյեկտը, ապա այն հանգեցնում է անվավերության, եւ հիմնավորումները ներկայացրել ենք։ Մեր հայցադիմումը հիմնավոր է։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Դե եկեք խոսենք փաստարկներից։ Ի՞նչ հիմքեր եք դրել հայցի մեջ։ Ձեր պահանջած ձայնագրությունները դատարանին կօգնե՞ն հարցի լուծման համար։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան ՂազարյանՀայցվոր Գրիգոր Մուրադյանը գտնում է, որ սահմանադրության փոփոխությունները եւ ՍԴ երեք դատավորների, ՍԴ նախագահի պաշտոնավարման դադարումը տեղի է ունեցել սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով, մասնավորապես՝ ԱԺ-ն պետք է դիմեր ՍԴ-ին․․․

Դատավոր Մհեր Պետրոսյան-Վարչական դատարանը, նորից եմ ասում, սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարց չի քննարկելու։ Խնդիրը սրանում է։ ՍԴ-ն ինքը դա չքննարկեց։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Մենք նշել ենք այն հիմքերը, ըստ որոնց՝ ԱԺ կանոնակարգին հակասող կարգադրությունն է դրված եղել Գրիգոր Մուրադյանի՝ աշխատանքից ազատման հիմքում։ Հայցի հիմքերը կապված են սահմանադրության փոփոխությունների հետ։ Դուք ընդհատում եք ինձ, խնդրում եմ հիմքերի շրջանակում հայցը քննեք։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Կներեք, բայց բանավոր կարգ է քննության, եւ նախնական դատական նիստը հայցի հիմքերը պարզելն է։ Ասում եք՝ սահմանադրության խախտմամբ։ Դա հասկացանք, անցանք, կասե՞ք՝ ԱԺ կանոնակարգ օրենքի ո՞ր նորմերն են խախտվել։

Տիգրան Ղազարյանը վկայակոչեց, որ մի քանի հոդվածներ են խախտվել։

Դատավոր Մհեր Պետրոսյան-ՍԴ-ում ապրիլի 20-ին դիմումի քննություն կա։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Եթե ապրիլի մեջ է, կարծում եմ՝ այս գործի վարույթը կարող ենք ոչ թե կասեցնել, այլ հետաձգել։ Բայց քննարկեմ նաեւ մեկ այլ՝ երրորդ անձի ներգրավելու հարցը։ Եթե դատարանը վերականգնեց Գրիգոր Մուրադյանին իր պաշտոնում, գործող խորհրդականը պետք է ազատվի այդ պաշտոնից։ Իմ կայացրած դատական ակտը շոշափելու է նրան։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան– Քննարկել ենք, առարկություն չունենք երրորդ անձի ներգրավման համար։ Բայց քանի որ այդ հարաբերությունները կարգավորված չեն օրենքով, պետք է աշխատանքային օրենսգրքի դրույթները կիրառվեն։ Կա աշխատանքային օրենսգրքում դրույթ՝ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին։ Այսինքն, ձեր կայացրած որոշումն օրենքի ուժով միակողմանի անդրադառնալու է Գրիգոր Մուրադյանից հետո նշանակված խորհրդականի աշխատանքային իրավունքի վրա։ Հարյուրավոր գործերով դատական պրակտիկան փաստում է, որ հաստիքը ստանձնած անձը որպես երրորդ անձ չի ներգրավվում։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Ամենայն հարգանքով հայցվորի եւ պատասխանողի հանդեպ, բայց կոպիտ օրինակ ասեմ։ Երրորդ անձը կարող է ասել, որ Գրիգոր Մուրադյանն ունի թերություններ, որոնք բացառում են նրա՝ այդ պաշտոնում աշխատելը։ Բայց դատարանի համար դա կարող է նշանակություն ունենալ։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Երրորդ անձը պետք է ներգրավվի այն դեպքում, երբ հարցը վերաբերում է իր օրինական իրավունքներին։ Ես գտնում եմ, որ չի առնչվում, բայց եթե ներգրավվի, մենք առարկություն չունենք։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Տվյալ անձն ամեն օր գնում է աշխատանքի եւ չգիտի, որ մի քանի ամիս անց կարող է օրենքի ուժով ազատվել աշխատանքից։ Պատասխանողի ներկայացուցիչ, ո՞վ է այս պահին նշանակված Գրիգոր Մուրադյանի պաշտոնում։

Պատասխանող Արման Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Սամվել Առաքելյան-Եսայան Սոնան:

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Երեք խորհրդականներին էլ միաժամանակ են ազատել պաշտոնից։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Ես ի՞նչ իմանամ, թե որ խորհրդականին հիմա պետք է երրորդ անձ ներգրավեմ։ Ներգրավելու եմ միանշանակ, բայց պետք է իմանամ՝ ո՞ւմ։ Պողոսին վերականգնեմ Պետրոսի փոխարե՞ն։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Եթե անորոշություն կա, գտնում եմ՝ նպատակահարմար է երեքին էլ ներգրավել։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Բոլորին ներգրավեցի, հետո՞։ Մուրադյանը եթե վերականգնվեց, երեքից ո՞ւմ փոխարեն է վերականգնվելու։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան-Վերականգնվողն էլ թող դիրքորոշում ներկայացնի։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Պատասխանող, մեկ-երկու օրում ազատել եք երեք խորհրդականի, հետո նշանակել եք որոշակի տրամաբանությամբ, չէ՞։ Որոշակիությունից տեղյա՞կ եք։

Պատասխանող Արման Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Սամվել Առաքելյան-Նույն օրն է ազատման որոշումը կայացվել, իսկ խորհրդականների նշանակումը տարբեր ժամանակահատվածներում է եղել։ Անհատականացման տվյալներ չունենք։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Եթե դատարանը վճռեց Մուրադյանին վերականգնել պաշտոնում, ի՞նչ եք անելու, ո՞ւմ եք ազատելու։

Պատասխանող Արման Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Սամվել Առաքելյան -Անկախ դատարանի որոշումից, անգամ եթե վերականգնեց․․․

Դատավոր-Ինչո՞ւ «եթե»․․․ հավանական է եւ շատ։

Պատասխանող Արման Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Սամվել Առաքելյան-Իհարկե հավանական է, բայց վերականգնելը չի առնչվում գործող խորհրդականների իրավունքներին։ Նրանք նշանակվել են եւ իրացնում են իրենց իրավունքները։

Դատավոր Մհեր Պետրոսյան-ՍԴ հաստիքները ռեզինից են․․․

Պատասխանող Արման Դիլանյանի ներկայացուցիչ Սամվել Առաքելյան-Ոչ։ Ինձ համար պարզ չէ, թե որ դրույթով են մեկին հանում, մյուսին՝ նշանակում հաստիքի։ Ինձ անծանոթ է աշխատանքային օրենսգրքի այդ դրույթը։ Կա աշխատող, որի հետ կա պայմանագիրը, որը վերանայվում է, թե նա վերականգնում է նախկին աշխատանքում։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Իսկ եթե նախկին աշխատանք չունի՞։ Շատ հետաքրքիր տրամաբանություն է։ Հիմա Գրիգոր Մուրադյանին ո՞ր խորհրդականի հաստիքում ենք վերականգնելու։ Կամ, երեք խորհրդականներն էլ պահանջում են վերականգնել, ի՞նչ է լինելու։

Պատասխանող Արման Դիլանյանի շահերի ներկայացուցիչ Սամվել Առաքելյան-ՍԴ նախագահը լիազորված է հաստիքացուցակ հաստատելու։ Եթե վերականգնման խնդրի առաջ կանգնենք, նա կփոփոխի հաստիքացուցակը, կվերականգնի։

Դատավոր Մհեր Պետրոսյան-Դրա համար էի ասում՝ ՍԴ հաստիքները ռեզինից են․․․հաստիքացուցակը սարքենք եսիմ ինչ․․․այդ դեպքում չեմ գտնում, որ երրորդ անձի ներգրավելու խնդիր կա։

Ապա դատավորը նշեց․ «Քանի որ դիմումը քննվում է ՍԴ-ում, դա հիմք է այս գործի վարույթը կասեցնելու համար»։ Ապա նա առաջարկեց հետաձգել դատական նիստը նաեւ այն նպատակով, որպեսզի ծանոթանա պատասխանող կողմի առարկություններին։

Տեղեկացնենք, որ ըստ ՍԴ ժամանակացույցի՝ ապրիլի 20-ին քննարկվելու է ԱԺ պատգամավորների 1/5-րդի դիմումը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը վիճարկելու վերաբերյալ, որը որոշակի առնչություն ունի 2020թ․-ի սահմանադրական փոփոխությունների (որոնցով դադարեցվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների լիազորությունները) օրինականության հարցի հետ։

Նշենք, որ ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի դեմ նույն հայցը ներկայացրել են նաեւ ՍԴ նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը եւ Վարդան Պողոսյանը՝ նույն պահանջներով։

Հայցվոր Գրիգոր Մուրադյանն այսօր հայցի քննությանն անձամբ չէր մասնակցում։ Նրա հայցի քննության շարունակության հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց հունիսի 21-ին 11:00-ին։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930