Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարծում եմ, որ առաջիկա հնարավոր ընտրությունները կվերածվեն հանրաքվեի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտեցման» հարցով». Ավետիք Չալաբյան

Ապրիլ 08,2021 12:52

Aravot.am-ի զրուցակիցն է ԱրԱր հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը

– Ապրիլի 7-ին ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի հանդիպման օրակարգում ներկայացված էին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, այդ թվում նաև ռազմաքաղաքական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կառավարության վերջին նիստերից մեկում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անվտանգության ոլորտում, մասնավորապես՝ բանակի բարեփոխման գործընթացում, ՌԴ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին: Ի՞նչ որակի եւ տիպի հարաբերությունների մասին պետք է խոսի Հայաստանը` նոր իրողություններով, անվտանգային նոր մարտահրավերներով պայմանավորված` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման` իշխող ուժի ցանկությունների համատեքստում:

– Կարծում եմ, որ այս երկու խնդիրները պետք է տարանջատել իրարից։ Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը իսկապես էական բարեփոխման կարիք ունի, և դա առաջիկա տաս տարիների առանցքային մարտահրավերներից մեկն է մեր պետության համար։ Բանակը կարիք ունի արդիականացնելու թե իր կառավարման համակարգը, թե անձնակազմի համալրման մեխանիզմները, ներառյալ նաև սպայական կազմով, թե անցում կատարի բարձր տեխնոլոգիական սպառազինության և համակարգերի համատարած կիրառման, թե պատրաստի համապատասխան որակյալ անձնակազմ՝ նոր պայմաններում գործելու համար։ Սա բազմաբարդ խնդիրների համախումբ է, և ամենայն հավանականությամբ, հնարավոր չի իրականացնել առանց մեր դաշնակից պետությունների և գործընկերների անմիջական օժանդակության։

Որպես համեմատություն՝ Ադրբեջանը ավելի քան տաս տարի զբաղված էր սեփական բանակի արդիականացմամբ, օգտվում էր Թուրքիայի և Իսրայելի անմիջական օժանդակությունից, մի շարք այլ երկրների պակաս ընդգծված, սակայն ևս շոշափելի աջակցությունից, հսկայական միջոցներ էր ծախսում, սակայն դատելով անցած պատերազմի արդյունքներից, միայն մասնակի էր կարողացել լուծել այս բարդագույն խնդիրները։ Որքանով է Հայաստանի գործող իշխանությունը պատկերացնում այս խնդիրների իրական բարդությունը, դրանց լուծման ճանապարհները, ինչ կոնկրետ համագործակցության առաջարկներ այն կարող է դնել այսօր մեր ռազմավարական գործընկերոջ առջև՝ ես դժվարանում եմ դատել, քանի որ որևէ հայեցակարգային մոտեցում դեռ չեմ տեսել, իսկ ԶՈւ Գլխավոր շտաբի հետ կապված անորոշ իրավիճակը միայն բարդացնում է ցանկացած համագործակցության հեռանկար։ Կարող եմ ենթադրել, որ իրական համագործակցություն կարող է սկսել միայն Հայաստանում ընտրություններից և նոր իշխանություն ձևավորվելուց հետո, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև այլ երկրները, դժվար թե երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ծրագրեր սկսեն մի իշխանության հետ, որի կառավարման ժամկետը մոտենում է ավարտին, իսկ հետագա հեռանկարները մշուշոտ են։

Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին իշխող ուժի հայտարարություններին, ապա այն անցած պատերազմում պարտությունից հետո մեր երկրի համար հերթական նոր փորձությունը կարող է դառնալ, քանի որ իրականացվում է առանց հստակ հայեցակարգի, դիմացի կողմի իրական մտադրությունների խորքային ընկալման, ինչպես նաև սեփական ազգային ներուժի աննախադեպ պառակտման և փոշիացման պայմաններում։ Հուսով եմ, որ այդ ամենը առայժմ կմնա ընդամենը խոսակցությունների մակարդակում, և նոր վտանգներ չի ստեղծի մեր պետության համար։

– Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, ճանապարհների ապաշրջափակման հիմքում հաշվարկներ տեսնո՞ւմ եք, աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ինչի՞ կհանգեցնի հաշտեցման այս հերթական գործընթացը:

– Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցման գործընթացը որոշակի գլոբալ ուժերի կողմից վաղուց է առաջ մղվում, քանի որ կա պարզ նպատակ՝ Հարավային Կովկասը ամբողջությամբ դնել Թուրքիայի գերիշխանության տակ, վերածել այն անխափան տրանզիտային միջանցքի, որով Արևելքից Արևմուտք են հոսում էներգակիրներ, այլ հումքային ռեսուրսներ, ներթափանցում է կատարվում Կենտրոնական Ասիա, որտեղից այդ դեպքում աստիճանաբար դուրս են մղվում Ռուսաստանը և Չինաստանը։ Այս ծրագրերը ունեն հստակ տնտեսական և աշխարհաքաղաքական տրամաբանություն, բայց ոչ մի կերպ հաշվի չեն առնում մեր ազգային շահերը՝ ավելին, նրանք պատրաստ են առանց որևէ խղճմտանքի ոտնակոխ անել մեր երկիրը, ինչպես եղել է նաև անցյալում, սրանից հարյուր տարի առաջ։ Մենք կամ պետք է հարմարվենք օտարների պարտադրանքին, ինչպես այսօր պնդում են գործող իշխանության ներկայացուցիչները, կամ ձևեր գտնենք դրան հակազդելու, կամ էլ առնվազն նվազեցնելու դրա բացասական ազդեցությունը մեր երկրի վրա։

Այս իմաստով, կարծում եմ, որ առաջիկա հնարավոր ընտրությունները կվերածվեն հանրաքվեի՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտեցման» հարցով։ Գործող իշխանություններն արդեն իրենց հայտը ներկայացրել են, նրանք փորձում եմ ծայրահեղ պարզունակ թեզերով կերակրել ընտրողին, հավատացնելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կբերի տնտեսական բարգավաճման։ Եթե հաշտեցումը զուտ տնտեսական խնդիր լիներ, գուցե կարելի կլիներ խելամիտ դիտարկել նրա հեռանկարները, և քննարկել, թե կոնկրետ որ գործողությունը ինչ հնարավորություններ և ռիսկեր ունի մեզ համար, և խիստ զգուշավոր, հաշվարկված քայլերով գնալ առաջ։ Ակնհայտ է սակայն, որ բացի տնտեսական գործոններից, այս երկրները նպատակ ունեն նաև իրենց ենթարկել Հայաստանը, և ստիպել նրան հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Արցախի ինքնորոշումից, Սյունիքի նկատմամբ ինքնիշխանությունից, և այլն, ինչի արդյունքում Հայաստանը վաղ թե ուշ կվերածվի Աջարիայի պես թուրքական կցորդի, և հայ մարդիկ ստիպված կլինեն մասսայաբար լքել սեփական հայրենիքը։

Ուստի, կարծում եմ, որ առաջիկա ընտրությունների ընթացքում պետք է վճռականորեն մերժել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մերձեցման գործող իշխանության կողմից առաջարկվող ծրագրերը, փոխարենը կենտրոնանալ սեփական պետության անվտանգային հիմքերի ամրապնդման, ողջ ազգային ներուժի համախմբման, և մեր խարխլված դաշնակցային հարաբերությունների վերականգման վրա՝ դա արդյունքում թույլ կտա Թուրքիայի և Ադրբեջանի հետ խոսել շատ ավելի ամուր և շահեկան դիրքերից, քան ընդունակ են այսօրվա գործող իշխանությունները։

– Ներկայիս իրողությունների պայմաններում, Ձեր կարծիքով, որո՞նք են այն կարեւոր կետերը, որ պետք է դառնան մեր անվտանգության ռազմավարության հիմքը:

-Մասամբ արդեն վերը ես պատասխանեցի այդ հարցին, սակայն կարող եմ փորձել այն մանրամասնել։

Նախ․ սկսենք մեր պետության անվտանգային հիմքերի ամրապնդումից։ Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում, մեր անվտանգային համակարգը լուրջ կորուստներ է կրել՝ թե պատերազմի արդյունքում, և թե գործող իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության։ 2018 թ․ իշխանափոխությունից հետո, մեր երկրում արդեն հինգ անգամ ԱԱԾ տնօրեն է փոխվել, երեք անգամ՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, երեք անգամ՝ Արցախի ՊԲ հրամանատար։ Այս ամենը անհետևանք չի անցնում, քանի որ ամեն այսպիսի փոփոխության արդյունքում, անվտանգության համակարգը լքում են բազմաթիվ պրոֆեսիոնալներ, փոխարենը գալիս են անփորձ կադրեր, առանց համակարգային հիշողության և գիտելիքների։ Դրան գումարվում են նախկին տարիների ընթացքում կուտակված և լուծում չգտած բազմաթիվ խնդիրները և պատերազմի բերած վիթխարի կորուստները՝ արդյունքում, մենք ունենք մի վիճակ, երբ մեր անվտանգային համակարգը այլևս ընդունակ չէ լիարժեք կատարել իր գործառույթները, և մենք այսօր կարողանում ենք ապահովել մեր երկրի անվտանգության նվազագույն մակարդակը միայն մեր ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ, որը փաստացի վերջին ամիսներին կրկնապատկել է իր ներկայությունը Հայաստանի տարածքում, չհաշված Արցախը։

Այս պայմաններում, մեր առաջնային խնդիրը պետք է լինի անվտանգային համակարգի վերականգնումը, և դա ծայրահեղ բարդ և երկարաժամկետ խնդիր է։ Ես վերը խոսել եմ բանակի մասին, բայց նույնը վերաբերվում է Ազգային անվտանգության ծառայությանը, նրա կազմում գործող Հետախուզությանը, Հակահետախուզությանը, Սահմանապահ զորքերին՝ այս բոլոր կառույցները կարիք ունեն պրոֆեսիոնալ կադրերով համալրվելու, մարտական և օպերատիվ կարողությունների վերականգնման և արդիականացման, ժամանակակից մարտական և կառավարման համակարգերով վերազինման, և այլն։ Սա պետք է լինի մեր հիմնական առաջնայնությունը, այլապես մեր անվտանգության համակարգը կշարունակվի կազմաքանդվել, երկիրը ապագայում էլ ավելի անպաշտպան թողնելով։

Ասվածի համատեքստում, կարևորվում է երկրորդ մեծ առաջնայնությունը՝ ազգային ներուժի համախմբումը։ Մեր երկրի անվտանգային խնդիրների լուծումը, մանավանդ ներկա պայմաններում, հսկայական ռեսուրսներ է պահանջում, և այդ ռեսուրսները հնարավոր չի հայթայթել զուտ պետական սուղ միջոցների հաշվին, մանավանդ շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Այստեղ շատ կարևոր է մեր ողջ ազգային ներուժի համախմբումը, ինչը առկա պայմաններում ևս բարդ խնդիր է։

Պատերազմի օրերին մենք տեսանք ողջ աշխարհի հայության միասնական պոռթկումը՝ օգնելու մեր պետությանը, սակայն այն շատերի մոտ փոխարինվեց հիասթափությամբ և նույնիսկ ինքնամեկուսացմամբ, երբ պարզ դարձավ, որ գործող իշխանությունները ոչ միայն ձախողել են պատերազմի վարումը, այլև նրա ողջ ընթացքում քրոնիկ ապատեղեկատվություն են ներկայացրել մարտական գործողությունների իրական ընթացքի, մեր փաստացի կորուստների և պատերազմի անխուսափելի դարձող վերջնարդյունքի վերաբերյալ։

Այժմ անհրաժեշտ է լինելու նորից վերականգնել մեր բազմահազար հայրենակիցների վստահությունը հայկական պետության կարողությունների, նրա ղեկավարների ազնվության, նվիրվածության և մասնագիտական որակների նկատմամբ, քայլ առ քայլ հաղթահարել այն ճեղքվածքը, որը թողել է այս պատերազմը հայկական պետության և հայության միջև։

Նույնը վերաբերվում է նաև երկրի ներսում առկա հանրային ճեղքվածքը հաղթահարելուն, որը սպառնում է արդեն մեր երկրի բուն գոյությանը։ Անհնար է այսպես պառակտված ապրել, այս աստիճան ատելություն սերմանել սեփական հայրենակիցների նկատմամբ, և միաժամանակ հավակնել երկիրը առաջ տանելուն։ Պատերազմի օրերին և դրանից հետո մենք արդեն տեսանք, թե դա ինչ ողբերգական հետևանքների է բերում՝ ժամանակն է հետ կանգնել երկպառակությունից, և բոլոր քաղաքական և հասարակական ուժերին պայմանավորվել հանրային համակեցության նվազագույն կանոնների շուրջ, որը թույլ կտա աստիճանաբար բուժել մեր վերքերը, և հետագա հակասությունները լուծել իրավական և քաղաքակիրթ միջոցներով։

Եվ վերջապես, երրորդ կարևոր առաջնայնությունը՝ մեզ անհրաժեշտ է ճիշտ դիրքավորվել մեր հարափոփոխ և անկայուն տարածաշրջանում, ճիշտ ընտրել մեր դաշնակիցներին և գործընկերներին, և նրանց հետ զարգացնել արդյունավետ հարաբերություններ։ Մենք անցած պատերազմում հայտնվել էին համարյա լիակատար մեկուսացման մեջ, դա մեր թշնամիների մեծագույն ձեռքբերումն էր, և մեր պետության մեծագույն ձախողումը։ Մենք չենք կարող այլևս այսպիսի ձախողումներ թույլ տալ, քանի որ ամեն անգամ վճարում ենք մարդկային կյանքերով և տարածքային կորուստներով, ուստի պետք է հետևողականորեն վերականգնենք դաշնակցային և գործընկերային հարաբերությունների խարխլված համակարգը։

Որպեսզի մենք կարողանանք արդյունավետ հարաբերություններ կառուցել խոշոր երկրների հետ, մենք նրանց պետք է առաջարկելու արժեքավոր բան ունենանք։ Մեր պայմաններում, դա չի կարող լինել բնական կամ մարդկային ռեսուրսները, դրանք բոլոր դեպքերում սահմանափակ են։ Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել այլ տերությունների համար, եթե այն ունի մարտունակ և արագ արդիականացող բանակ, և անվտանգության սպառողից նորից դառնում է անվտանգության ապահովող այս տարածաշրջանում, այդ դեպքում նրա հետ նորից սկսում են հաշվի նստել ուժային դաշտում։

Հաջորդը, եթե այն ունի հզոր գիտա-տեխնոլոգիական համակարգ, որն ինտեգրված է համաշխարհային տնտեսության մեջ, և ունակ է լուրջ խնդիրներ լուծել համաշխարհային և տարածաշրջանային համատեքստում, այդ դեպքում նրա հետ հաշվի են նստում տնտեսական ոլորտում, այլապես միայն միրգ ու բանջարեղեն արտադրելով, մենք շատ հեռու չենք գնա։ Եվ վերջապես, եթե այն ունի ամուր ինքնություն՝ հենված սեփական պատմության, կրոնի, լեզվի և մշակույթի վրա, միաժամանակ ժամանակակից է և արագ արդիականացվող՝ այդ դեպքում մենք կվայելենք այլոց անկեղծ հարգանքը, իսկ մեր երկիրը կլինի գրավիչ՝ բիզնեսի, զբոսաշրջության, կրթության համար։ Այս երեք հիմնական առանցքների վրա է պետք կառուցել մեր հարաբերությունները բարեկամ և գործընկեր երկրների հետ, դրանց շուրջ է հնարավոր փոխշահավետ համագործակցություն զարգացնել, և դրա միջոցով է ի վերջո հնարավոր բարձրացնել մեր երկարաժամկետ անվտանգության մակարդակը։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930