Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ․ Եթե այս սցենարը շարունակվի, մինչև տարվա վերջ կունենանք ազգային արժույթի մինչև 10 տոկոս արժեզրկում․ «Ժամանակ»

Ապրիլ 08,2021 11:46

Հայաստանում դոլարի փոխարժեքը հատեց 535-ի սահմանը։ Տևական ժամանակ է՝ դոլարի արժևորումը շարունակվում է, և կարծես արժեզրկման վերաբերյալ կանխատեսումներ չկան։

Մեր զրուցակցի խոսքերով՝ նման պարագայում կարելի է կանխատեսել, որ, քաղաքական գործոնով պայմանավորած՝ դրամի մեծ արժեզրկում մինչև ընտրությունները չի լինի, բայց ընտրություններից հետո արդեն դրամի արժեզրկման գործընթացը կշարունակվի։ «Կենտրոնական բանկը քաղաքական պատվերի շրջանակներում կմիջամտի խիստ կոշտ, բայց ակնհայտ է, որ դա ավելի վատացնելու է վիճակը։ Իրականում երկրում տեղի ունեցող գնաճային ճնշումները դրանից հետո բերելու են դրամի էլ ավելի արժեզրկման։ Այսինքն՝ մենք ունենալու ենք գնաճից բարձր ազգային արժույթի արժեզրկում։ Իսկ այս պահին մենք արդեն 3 ամսվա կտրվածքով ունենք 3.8 տոկոս գնաճ։ Եթե նման իրավիճակը շարունակվի, այս սցենարը շարունակվի, ապա կարող ենք հաշվարկել, որ այս պահից սկսած, մինչև տարվա վերջ կունենանք ազգային արժույթի մինչև 10 տոկոս արժեզրկում։ Բայց կրկնում եմ, ոչ այս փուլում։ Այս փուլում ես կանխատեսում եմ, որ քաղաքական պատվերի շրջանակներում ԿԲ-ն շուտով ընտրություններին ընդառաջ կկայունացնի իրավիճակը և կկանխի ազգային արժույթի արժեզրկման գործընթացը։ Իսկ ընտրություններից հետո սպասելի է, որ ազգային արժույթի արժեզրկումը կշարունակվի։ Նման իրատեսական ռիսկեր կան, քանի որ, կրկնում եմ, ազգային արժույթի արժեզրկման երկարաժամկետ գործոնները հիմնականում պահպանվում են»,- ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ Կենտրոնական բանկի հնարավորությունները անսահմանափակ չեն։ Ներկայումս դոլարը վաճառվում է պետական ռեզերվներից, որպեսզի փոխարժեքը պահվի, իսկ վերաֆինանսավորման տոկոսադրույքն էլ մաքսիմում բարձրացվել է։ Էլ ավելի բարձրացնել՝ նշանակում է հակառակ ազդեցություն արդեն տնտեսական ակտիվության վրա։ Իսկ տնտեսական ակտիվության ապախթանումը բերելու է նորից ազգային արժույթի արժեզրկման ճնշումների։

«Ինչքան հնարավորություն կար, արդեն իսկ կիրառվել է վերջին շրջանում։ Բայց ամեն ինչ արվելու է մինչև ընտրություններ վիճակը մեղմելու համար։ Հակառակ պարագայում կունենանք էլ ավելի բարձր գնաճ և տնտեսական անկում։ Բայց ինչքան էլ ջերմությունը իջեցնես խոր թոքաբորբ տանող հիվանդին, միևնույն է, նորից ջերմությունը բարձրանալու է։ Հետևաբար` քանի դեռ լուծված չեն արժույթի փոխարժեք ձևավորող հիմնական գործոնները, չունենք կայունություն և բարելավման միտում, մենք անընդհատ ունենալու ենք արժույթի, փոխարժեքի ճնշում»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930