Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախկին նախագահ․ Դոլարի նկատմամբ դրամի անկումը 2 պատճառ ունի՝ միջազգային շուկաներում դոլար-եվրո տատանումները եւ ներսում բնակչության սպասումները․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 08,2021 11:36
Bagrat Asatryan

Հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես 1 դոլարի առքը հասել է 535 դրամի, իսկ վաճառքը՝ 540 դրամի։ 2014-ից ի վեր առաջին անգամ է դոլարը դրամի նկատմամբ նման աճ արձանագրում:

Քաղաքական առումով դեռեւս սպասումներ եւ անորոշություններ կան եւ գուցե ընտրությունները որոշակիորեն այս հարցը մեղմեն: Միեւնույն ժամանակ կարելի է ենթադրել, որ փոխարժեքի նոր փոփոխությունը կարող է էլ ավելի խորացնել առանց այդ էլ բարձր գնաճի տեմպը, քանի որ մինչ այս ներմուծվող ապրանքների գների աճը փորձագետները հիմնականում պայմանավորում էին համաշխարհային գների բարձրացմամբ եւ դրամի արժեզրկմամբ:

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման պատճառներին՝ ասաց, որ այս տարվա ընթացքում արժութային շուկայում գրեթե ոչինչ տեղի չի ունեցել:

«Մենք գործ ունենք լողացող փոխարժեքի հետ: Հետաքրքիր է, որ մեր հասարակության մեջ՝ անգամ մասնագիտական շրջանում՝ դոլարից բացի ուրիշ արժույթ չեն ճանաչում: Չեն ուզում տեսնել ինչ կա աշխարհում, հարեւան երկրներում, ԵԱՏՄ-ում: Ոչ մի բան տեղի չի ունեցել, պարզապես դոլարի նկատմամբ դրամն արժեզրկվել է»,- ասաց Ասատրյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ի տվյալներով՝ հունվարի 1-ի դրությամբ դոլարը կազմել է 522.6 դրամ, իսկ երեկվա դրությամբ 535.1 դրամ եւ արժեզրկումը կազմել է 2.5 տոկոս. «Բոլորը մոռանում են, որ մեր տնտեսությունը 2 հիմնական արտարժույթով է աշխատում, երկրորդը եվրոն է: Ընդ որում, երբ խոսում ենք արտաքին առեւտրի մասին, եվրոյով առեւտրի ծավալներն ավելի մեծ են, քան դոլարինը»:

ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ հունվարի 1-ին եվրոն կազմել է 641 դրամ, իսկ ապրիլի 6-ին՝ 632 դրամ, այսինքն դրամն արժեւորվել է եվրոյի նկատմամբ 1.5 տոկոսով: Վրաստանում հունվարի 1-ի համեմատ ապրիլի 6-ին դրամը լարիի նկատմամբ արժեւորվել է 1.4 տոկոսով. «Ռուսական ռուբլու նկատմամբ էլ է դրամն արժեւորվել»:

Ասատրյանը նշեց, որ ամենածանր վիճակը Թուրքիայում է, դրամը լիրայի նկատմամբ արժեւորվել է 7.8 տոկոսով:

«Մենք այսպիսի պայմաններում ենք ապրում՝ տնտեսական, մակրոտնտեսական ֆունդամենտալ գործոնների տեղաշարժ չի եղել, որոնք կարող էին իրենց ազդեցությունը թողնել փոխարժեքի վրա»,- ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ տվյալ դեպքում դոլարի նկատմամբ դրամի անկումը 2 պատճառ ունի՝ միջազգային շուկաներում դոլար-եվրո տատանումները եւ ներսում բնակչության սպասումները, որոնք ամրագրվում են դաշտի մասնակիցների՝ առեւտրային բանկերի վարքագծով: Տնտեսագետն ասաց, որ բանկերը դոլարի պահանջարկ են ներկայացնում:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930