Հարցազրույց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ
– Ի՞նչ եք կարծում, մարդիկ հոգեբանորեն պատրա՞ստ են քաղաքական գործիչների ելույթներ լսելու, խոստումներ, քարոզչություն, ծրագրեր քննարկելու, նաեւ թեկուզ հակառակը՝ քաղաքական գործիչները պատրա՞ստ են գնալ ու նայել մարդկանց աչքերին:
– Կարծում եմ, առաջին հերթին հասարակությունը պետք է պատրաստ լինի, քաղաքական ուժերը սպասարկում են հասարակության պահանջները: Ինչքան ավելի լուրջ պահանջ ներկայացվի, ինչքան ավելի լուրջ հարցեր մենք դնենք քաղաքական ուժերի առջեւ, այդքան կփորձենք ավելի լուրջ պատասխաններ ստանալ: Որովհետեւ շատ հեշտ է էմոցիաների վրա գալ եւ ասել՝ սա փրկիչ է, սա դավաճան է, սա ազգային է. այդ բոլորը դատարկ խոսակցություններ են, որոնք մտքի աշխատանք չեն ենթադրում:
Ավելին ասեմ, ժամանակն է, որ հասարակության բոլոր խավերը առաջ քաշեն իրենց մասնագիտական խնդիրները, որովհետեւ շատ հեշտ է խոսել ընդհանուրի մասին, ասել՝ մենք խոստանում ենք, որ լավ կլինի եւ այլն: Բայց երբ որ դու քո ոլորտով ես հարցեր բարձրացնում՝ քեզ դժվար է խաբել ընդհանուր բառերով, խոսքերով: Եվ երբ որ մեր հասարակության մեջ բոլորս՝ կրթության, առողջապահության եւ այլ ոլորտների մասնագետները փորձենք ձեւավորել հարցեր, այդ ժամանակ մենք կպարտադրենք քաղաքական ուժերին ոչ թե դեմագոգիայով զբաղվել, այլ մշակել պատասխանները, իսկ պատասխաններ ստանալու համար նրանք եւս պետք է խորանան այդ ոլորտում, զբաղվեն այդ ծրագրի մշակմամբ:
Կարդացեք նաև
Բայց սա չի նշանակում, թե չպետք է բարձրացվեն ընդհանուր հարցեր. կա 3 հարց, որին պետք է բոլոր ուժերը փորձեն տալ պատասխան: Առաջին, ինչպես ենք մենք վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը. սա շատ կարեւոր հարց է եւ այստեղ դատարկ խոսքերով սահմանափակվել չի լինի: Երկրորդ, ինչպե՞ս ենք մենք ապահովելու մեր բնակչության անվտանգությունը: Եվ երրորդ հարց, որի մասին միշտ խուսափել ենք խոսել եւ տեսանք, թե ինչ վնասակար է դա. ինչպե՞ս ենք տեսնում Արցախի ապագան: Այս հարցերը շաղկապված են, սրանց մասին պետք է խոսել, նոր մտքեր, գաղափարներ առաջարկել:
– Բայց պետք չէ՞, որ դրա համար հասարակությունը մի քիչ ավելի կրթված լինի, մի քիչ ավելի սառը դատող: Հիմա միայն ցեխ են շպրտում իրար վրա, եւ երբեմն մտածում ես՝ այս ինչքան ենք իջել:
– Համամիտ եմ ձեզ հետ, եւ ես տեսնում եմ այստեղ կրթության եւ մշակույթի մեծագույն պակաս: Դա մեր բոլորիս խնդիրն է, առաջին հերթին՝ մշակույթի գործիչների: Ես ինձ համար ուրվագծել եմ հետեւյալը. չեմ կարող փոխել աշխարհը, չեմ կարող փոխել Հայաստանում ամեն ինչ, բայց կարող եմ փոխել գոնե այն փոքրիկ մթնոլորտը, որի համար ես եմ պատասխանատու: Իմ շուրջը ատելություն չկա, ես ատելություն քարոզելու բարոյական իրավունք չունեմ, եւ սա գալիս է մի շատ պարզ բանից, ոչ թե որ ես շատ բարի եմ, այլ որ պետք է մտածեմ իմ երկրի ապագայի մասին: Ատելությունը երբեւիցե որեւէ լավ պտուղ չի տալիս, ընդհանրապես ինչ որ ծնվում է այս աշխարհում, ծնվում է սիրո արդյունքում: Դա բնության օրենքն է: Եվ յուրաքանչյուրս, այդ թվում ես, եթե օգուտ չենք բերում, վնաս չպետք է տանք:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում