Ինչ տանջալից ճանապարհ են անցնում արցախյան վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձինք՝ մինչեւ որ իրենց հասանելիք գումարները ստանում են կամ՝ թոշակավորվում:
«Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Որեւէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որեւէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,-սա իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ արցախյան վերջին պատերազմից օրեր անց: Գրառումը նախարարն արել էր անցյալ տարվա նոյեմբերի 23-ին: Նախարարն այս հարցը քննարկել էր նաեւ կառավարության նիստում:
Սակայն քաղաքացիների փորձը, որոնք վիրավորվել եւ հաշմանդամություն են ձեռք բերել արցախյան վերջին պատերազմում, այլ բան է ասում:
«Չեք պատկերացնի՝ ինչ բյուրոկրատական խճուղիներով պետք է անցնի, պատերազմում ծանր վիրավորում ստացած մարդը մինչեւ, որ հասնի 1000+ հիմնադրամին կամ, այսպես ասած, իրեն հասանելիք թոշակին»,-ասում է Արտեմ Պողոսյանը, որն իր հաշմանդամությունը ձեռք է բերել արցախյան առաջին պատերազմում։ Այսօր էլ ընկերների օրինակով է նկարագրում այն դժվարություններն ու տանջալից ճանապարհը, որով անցնում են վերջին պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձինք: Ասում է՝ խնդիրը նոր չէ, պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած մարդը միշտ էլ անցել է այդ ճանապարհը, պարզապես, հիմա շահառուները մեծ թիվ են կազմում, համակարգն էլ ավելի ծանրաբեռնված է աշխատում: Նրա խոսքով, խնդիրը համակարգային է, սահմանված են արարողակարգեր, որոնք պարտադիր պետք է անցնեն եւ չկա մեկ պատուհան հասկացությունը, որպեսզի մարդը, այն էլ առողջական խնդիրներ ունեցող, չընկնի դռնեդուռ:
Կարդացեք նաև
«Փորձեմ կարճ նկարագրել ճանապարհային քարտեզը։ Ուրեմն սկզբից x հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պետք է էպիկրիզը վերցնել եւ գնալ պոլիկլինիկա, հետո ստանալ ուղեգիր բժշկափորձագիտական հանձնաժողովում հաշմանդամության խումբ (կարգ) ստանալու համար։ Կարգը ստանալուց չգիտես ինչու, տալիս են ընդհանուր, այլ ոչ զինվորական։ Դրանից հետո պետք է գնալ զինվորական դատախազության քննչական բաժին դիմում գրել եւ ստանալ տեղեկանք, որ քո մասին չկա ոչ մի քրեական հարուցված գործ կամ որեւ գործով որեւէ կարգավիճակով չես անցնում։ Մի քանի օրից տեղեկանքը ստանալուց հետո, պետք է գնալ ԿՌԲՀ (ЦВВК) հոսպիտալի մոտ, կենտրոնական զինվորական բուժզննման եւ ստանալ՝ վիրավորումը հաստատող եւ պատճառահետեւանքային կապը պատերազմի հետ հաստատող տեղեկանք, որը տալիս են չգիտես ինչու 10 օր հետո, եթե կամավորական եք, ապա, պետք էր նախօրոք սոցվարչությունից ԿՌԲՀ ուղեգիր վերցնել նոր գնալ։ Հետո պետք է նորից գնալ ՊՆ սոցվարչություն, Բաբայան 4 հասցեում եւ տեղեկանալ, թե էլ ինչ տեղեկանքներ եւ քսերոքսներ են հարկավոր»,-ասում է Արտեմ Պողոսյանը՝ մեզ հետ զրույցում նշելով, որ տեխնիկայի, ինտերնետի այս դարում, օրինակ՝ ՊՆ սոցվարչությունից զինվորական դատախազության քննչական բաժին, ոչ թե առցանց է կատարվում անձի վերաբերյալ տեղեկությունը, այլ՝ ֆիզիկական տարբերակով, մինչդեռ այդ ամենը կարելի էր կազմակերպել առանց անձին տանջելու եւ մի մարմինը հարցման միջոցով մյուս մարմնից ստանար իրեն անհրաժեշտ տեղեկությունը:
Ըստ Արտեմ Պողոսյանի, կամավորի կարգավիճակով վիրավորվածների դեպքում գործն ավելի բարդ է առաջ գնում. «Զինվորը իր վերադասից կվերցնի տեղեկանք, մոբով գնացածը զինկոմիսարիատից կվերցնի տեղեկանք, իսկ այ կամավորը ստիպված է իր անմիջական հրամանատարին փնտրի գտնի ու տեղեկանք ստանա: Պատկերացրեք, շատերը չեն իմանում ում հրամանատարության տակ են կռվել, նշում են տեղանուններ կամ լավագույն դեպքում վաշտի հրամանատարի անունը, որը եթե զոհվել է, ապա մեծ խնդիր է գնդի հրամանատարին կամ շտաբի պետին գտնելը»։
Արտեմ Պողոսյանի խոսքով, վերցնելով պահանջվող թղթերի հսկա ցուցակը սոցվարչությունից, պետք է դուրս գալ փողոց եւ պատճենահանման ու սքանավորման սարք փնտրել. «Դե մեր ՊՆ-ն ունի իհարկե, բայց հազիվ իրենց գործերը հասցնի, հաշմանդամը պետք է իր գլխի ճարը տեսնի, վազի մոտակա Հայ փոստի բաժանմունքը, խնդրի որ քսերոքս եւ սքան անեն։ ՊՆ սոցվարչությունում, եթե ձեզ հաջողվի հինգ այցելությունից հետո բոլոր պահանջվող թղթերը ճիշտ ներկայացնել, ապա շնորհավորում եմ 40 օր տեւող ձեր վազվզոցը ավարտվեց եւ դուք էլ ստիպված չէք լինի երկու կաստիլով կամ անվասայլակով հաղթահահարել բյուրոկրատական այս հսկա պատնեշը։ Ուղղակի չեմ հասկանում, դժվա՞ր է որեւէ կառույցի մեջ ներառել այս բոլոր ծառայությունները, մեկ պատուհան սկզբունքով, թե՞ հատուկ չեն անում սա: Արդեն 1994 թվից մինչ օրս նույն պատկերն է: Գնա էստեղ, գնա էնտեղ, էս թուղթը չկա, էս քսերոքսը պակաս է, էս ֆայլը սքան չեք արել: Հաշմանդամ դարձած զինվորը կամ սպան պետք է ծով համբերություն ունենա, որպեսզի որեւէ աշխատակցի չվիրավորի։ Աշխատողներն, ի դեպ, մեղք չունեն, համակարգն է այդպես «բառդակ» կառուցվածքով, ճիշտ այնպես, ինչպես մեր զինկոմիսարիատները եւ պատերազմի ժամանակ մոբի անպտուղ համակարգումը։ Չեմ ուզում պատկերացնել հեռավոր շրջաններում ապրողների վիճակը ոնց պետք է հաղթահարեն այս ամենը»։
Արտեմ Պողոսյանի խոսքով, հիմնադրամից օգտվում են 2005 թվականից մինչ օրս վիրավորվածները եւ զոհվածների ընտանիքները, իսկ 1992-ից մինչեւ 2005 թվականի վիրավորվածները կամ զոհվածի ընտանիքները չեն հանդիսանում 1000+ հիմնադրամի շահառուներ եւ ստանում են կրկնակի, որոշ դեպքերում եռակի պակաս գումար. «Պատճառը հիմնադրամի սուղ միջոցներն են»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Քաղաքացու ներկայացրած խնդրի վերաբերյալ պատրաստ ենք լսել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ պաշտպանության նախարարությունների պարզաբանումները:
«Առավոտ» օրաթերթ
07.04.2021