Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատական ակտը «Դատալեքս» համակարգում տեղադրված չի եղել, ոչ էլ այն ուղարկվել է կողմերին

Ապրիլ 08,2021 13:30

Փաստաբանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ներկայացրել է, թե ինչպես է արդարադատություն իրականացվում, թե ինչպես կարող է մարդն իր վերաբերյալ դատական ակտի մասին իմանալ «Դատալեքսից»: Մոտ մեկ ամիս առաջ «Դատալեքս» համակարգում տեղադրվել է վճիռ, որի կայացման ամսաթիվն է 11.09.2020:

Տպագրում ենք փաստաբանի բողոքը:

Հարգելի պարոն Բադասյան,
Հանդիսանում եմ քաղաքացի Գեւորգ Ղասաբողլյանի ներկայացուցիչը՝ համաձայն վերջինի կողմից տրված լիազորագրի:
«ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի եւ «ԼԱՄԻ ՀԱՈԻՍ» ՍՊԸ-ի միջեւ 02.12.2016թ. կնքվել է թիվ 1612002-1 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիրը, համաձայն որի՝ «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 1 հատ GRIGGIO G6 RTF փայտե եզրաշերտ կտրող հաստոց: Ի ապահովումն վերը նշված պայմանագրի՝ 02.12.2016 թվականին կնքվել են նաեւ թիվ 1612 002-1/01 եւ 1612 002-1/02 երաշխավորության պայմանագրեր, համաձայն որի՝ համապատասխանաբար Վարդգես Գալստյանն եւ իմ վստահորդ Գեւորգ Ղասաբողլյանը պարտավորվել են «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից վերը նշված պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կատարել դրանք ամբողջությամբ:

Գույքի ձեռքբերման գինը կազմել է 20,908.63 եվրո, ՍՊԸ-ի կողմից կատարվել է 4,920.00 եվրո կանխավճար, որի արդյունքում պայմանագրի գումարը կազմել է 20,908.63 եվրո- 4,920.00 եվրո, այսինքն՝ 15,988.63 եվրո եւ հաշվի առնելով պայմանագրով նախատեսված տոկոսագումարները՝ պայմանագրով ընդհանուր վճարման ենթակա գումարը կազմել է 18,508.59 եվրո:

«ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից պատշաճորեն չի կատարվել պայմանագրային պարտավորությունները, ինչի արդյունքում «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ հանդեպ պարտավորությունը 19.02.2019 թվականի դրությամբ կազմել է 6,116.36 եվրո (որից՝ 6,011.48 եվրո որպես մայր գումար եւ 104.88 եվրո որպես տոկոսագումար):

22.02.2019թ.-ին «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ն հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով «ԼԱՄԻ ՀԱՈԻՍ» ՍՊ ընկերությունից, Վարդգես Գալստյանից եւ Գեւորգ Ղասաբողլյանից համապարտության կարգով հօգուտ ՓԲ ընկերության բռնագանձել 6,116.36 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 6,011.48 եվրոյին համարժեք ՀՀ դրամը որպես մայր գումար եւ 104.88 եվրոյին համարժեք ՀՀ դրամը որպես տոկոսագումար, ինչպես նաեւ հօգուտ ՓԲԸ-ի բռնագանձել 2,338.20 ՀՀ դրամ՝ որպես տույժի գումար:
«ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին պարտավորեցնել «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերությանը վերադարձնել վերջինիս սեփականության իրավունքով պատկանող 1 հատ GRIGGIO G6 RTF փայտե եզրաշերտ կտրող հաստոցը (բնականոն մաշվածության հաշվառմամբ): ՍՊԸ-ից, Վարդգես Գալստյանից եւ Գեւորգ Ղասաբողլյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ բռնագանձել 68,170.80 ՀՀ դրամ, որպես գույքային պահանջով նախապես վճարված պետական տուրքի գումար եւ 4000 ՀՀ դրամ, որպես ոչ գույքային պահանջով նախապես վճարված պետական տուրքի գումար: Սկսած հայցադիմումը դատարան մուտքագրվելու օրվանից՝ 19.02.2019 թվականից, մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը, մայր գումարի մնացորդի եւ կուտակված տոկոսագումարի հանրագումարի վրա հաշվարկել եւ «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊ ընկերությունից, Վարդգես Գալստյանից եւ Գեւորգ Ղասաբողլյանից համապարտության կարգով հօգուտ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթներով սահմանված կարգով (ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային տոկոսադրույքի չափով) տոկոսներ:

Հայցադիմումը մակագրվել է Աջափնյակ նստավայրի դատավոր տիկին Փիլոսյանին, ով հայցադիմումն ընդունել է վարույթ, միաժամանակ մասնակի բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ եւ 6.116.36 եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրել Վարդգես Գալստյանին եւ իմ վստահորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա, ինչպես նաեւ արգելել է ՍՊԸ-ին եւ երրորդ անձանց վեճի առարկա հանդիսացող հաստոցի շահագործումը ու տիրապետումը:

Տեղեկացնեմ, որ Գեւորգ Ղասաբողլյանը երբեւէ չի ծանուցվել դատական նիստերի մասին եւ այդ մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ ցանկացել է գույքի օտարման գործարք կատարել եւ հայտնաբերել է կիրառված արգելանքների մասին:

Ավելորդ չեմ համարում տեղեկացնել, որ հարկադիր կատարման ծառայությունում դեռեւս գործում է այն արատավոր պրակտիկան, համաձայն որի՝ հարկադիր կատարողն առանց հաշվի առնելու պարտավորության չափը՝ վերցնում եւ բոլոր գույքերի վրա արգելանքներ է դնում՝ շրջանցելով օրենքի իմպերատիվ պահանջը, ինչը կատարվել է նաեւ այս գործով, որի արդյունքում իմ վստահորդը կրել եւ շարունակում է կրել էական վնասներ:

Տեղեկանալուց հետո «Դատալեքս» համակարգով ճշտել ենք գործի հանգամանքները եւ 26.08.2020թ.-ին դիմում մուտք արել դատարան, հատնելով, որ թեպետ իմ վստահորդը սույն քաղաքացիական գործով հանդիսանում է որպես պատասխանող, սակայն նա միայն ձեւական մասնակցություն է ունեցել Վարդգես Գալստյանի, «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ի եւ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲ ընկերության միջեւ կնքված գործարքին, եւ որ հաստոցը գտնվում է Վարդգես Գալստյանի տիրապետման ներքո, նա է մինչ օրս օգտագործում հաստոցը եւ ստանում շահույթ, վերջինն ունի թե շարժական, թե անշարժ մի շարք գույքեր եւ որ բռնագանձումը պետք է տարածել նրա գույքերի վրա, այլ ոչ թե իմ վստահորդի:

Դատարանն անտեսելով վերոգրյալը՝ 11.09.2020թ.-ին կայացրել է խայտառակ վճիռ, որով ոչ միայն չի նպաստել արդարադատության իրականացմանը, այլեւ հակառակը՝ բացահայտ կերպով ոտնահարել է օրենքը եւ նպաստել, որպեսզի իմ վստահորդի առանց այն էլ խախտված իրավունքները եռապատիկ անգամ ավելի խախտվեն:

Այսպես, համաձայն վճռի եզրափակիչ մասի՝ «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ից, Վարդգես Գալստյանից, Գեւորգ Ղասաբողլյանից համապարտությամբ հօգուտ «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ բռնագանձել 6.116.36 եվրոյին համարժեք ՀՀ դրամ վարձավճար եւ 104.88 եվրոյին համարժեք ՀՀ դրամ տոկոսագումար: «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ից, Վարդգես Գալստյանից, Գեւորգ Ղասաբողլյանից համապարտությամբ հօգուտ «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության բռնագանձել՝ սկսած 19.02.2019թ.-ից մինչեւ պարտավորության փաստացի կատարման պահը 6.222.24 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, պարտքի գումարի նկատմամբ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկվող տոկոսներ: Պարտավորեցնել «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ին վերադարձնել հաստոցը:

Այսինքն, դատարանը հանգել է հետեւության, որ սույն գործով պատասխանողները, այդ թվում եւ իմ վստահորդը, վարկային կազմակերպությանը պետք է վերադարձնեն թե հաստոցի համար դեռեւս չվճարած 6.116.36 եվրոյին համարժեք ՀՀ դրամը, թե պայմանագրով նախատեսված տոկոսագումարները եւ թե մինչեւ պարտավորության փաստացի կատարումը ՀՀ քաղ. օր 411 հոդվածով սահմանված տոկոսագումարները, միաժամանակ վարկային կազմակերպությանը պետք է վերադարձնեն հաստոցը, որի ձեռքբերման գինը կազմել է 20.908.63 եվրո եւ որի դիմաց կատարվել է 14.00 000 ՀՀ դրամի չափով վճարում:

Հարգելի նախարար, փաստորեն դատարանը, իսկ այս պարագայում գործը քննող դատավոր Փիլոսյանը չի տիրապետում գործող օրենսդրությանը եւ ինչպես մյուս պատասխանողների, այնպես էլ իմ վստահորդի համար ստեղծել է անելանելի վիճակ, եթե որոշել է պարտավորեցնել հաստոցը վերադարձնել, ապա ինչպես կարելի է միաժամանակ որոշել, նաեւ կատարել բռնագանձում այդ նույն հաստոցի համար, կամ հակառակը: Դատարանն արդարադատություն իրականացնող ատյա՞ն է, թե՞ քաղաքացուն ծայրահեղ ծանր վիճակի հասցնող մարմին:

Ակնհայտ անհիմն վճռով էր պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ դատական ակտը «Դատալեքս» համակարգում տեղադրված չէր, ոչ էլ այն ուղարկվել է կողմերին: Բազմաթիվ անգամ զանգահարել եմ դատարանի աշխատակազմին՝ տեղեկություն ստանալու համար, սակայն յուրաքանչյուր անգամ տարբեր պատճառաբանություններ ստացել, մի դեպքում՝ դատավորը «բուլետին է գնացել», մյուս դեպքում՝ «մենք Ձեզ կզանգահարենք» եւ այդպես շարունակ, մինչեւ մոտ մեկ ամիս առաջ «Դատալեքս» համակարգում տեղադրվեց վճիռը, որի կայացման ամսաթիվն է 11.09.2020: Գործը քննող դատավորը դիտավորյալ այն չի հրապարակել եւ չի ուղարկել կողմերին, այդ կերպ վերջիններին զրկելով խայտառակ դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից: Այս պահին գործը հարկադիր կատարման ծառայությունում է, եւ փաստորեն, օրինական ուժի մեջ մտած ակնհայտ անօրինական դատական ակտը պետք է ի կատար ածվի:

Խնդրում եմ հարուցել կարգապահական վարույթ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանի նկատմամբ, այդ կերպ հնարավորություն ընձեռելով վերջինի կողմից կայացրած ակնհայտ անհիմն դատական ակտը բողոքարկելու հնարավորություն ստեղծելու:

Արմինե ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ
Փաստաբան

Ա- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արմինե Ղասաբողլյանը դիմել էր նաեւ «Գագիկ Մարտունու Գրիգորյան» ԱՁ-ի ղեկավարին, քանի որ հաշվապահական ծառայությունը հրաժարվել էր տրամադրել դատական վեճի հետ կապված տեղեկություններ: Մասնավորապես, փաստաբանին հետաքրքրել էր, թե երբվանից է վերոնշյալ ԱՁ-ն հաշվապահական ծառայություններ մատուցել «ԼԱՄԻ ՀԱՈՒՍ» ՍՊԸ-ին, ո՞վ է զբաղվել ՍՊԸ-ի հաշվապահությամբ եւ ստորագրել հաշվետվությունները, ո՞վ է հանդես եկել ՍՊԸ-ի անունից, արդյոք ճանաչե՞լ են ՍՊԸ-ի ղեկավար Արմեն Ղասաբողլյանին կամ Վարդգես Գալստյանին, եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում եւ ո՞վ է կատարել վճարումներ ԱՁ մատուցած ծառայությունների դիմաց:

«Առավոտ» օրաթերթ
07.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930