Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիլիթ Տոնականյանը գունեղ զարթոնք կբերի

Ապրիլ 08,2021 12:30

Նկարչուհի Լիլիթ Տոնականյանը Շիրակ աշխարհից է` Արթիկից։ Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ունեցել նաեւ անհատական ցուցահանդեսներ` Արթիկում, Գյումրիում, Երեւանում։

«Երկու տարի անց ուզում էի իմ գործերի միջոցով մարդկանց մի քիչ լույս, ջերմություն եւ խաղաղություն պարգեւել։ Ցավում եմ այն ամենի համար, ինչ կատարվում է մեր երկրում, մայրերին ուժ եւ համբերություն եմ մաղթում։ Ցուցահանդեսս բացվելու է ապրիլի 7-ին Գյումրու քաղաքապետարանի ցուցասրահում, հիմնականում ծաղիկներ են ցուցադրվելու, Շիրակի դաշտավայրին, հայրենիքին նվիրված գործեր, որոնցում պատկերված է Հայաստանս, վստահ եմ` ինչպես իմ գործերում, այդպես էլ կյանքում դեռ լուսավոր օրեր են լինելու»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Լիլիթ Տոնականյանը:

Ցուցահանդեսը կրում է «Գունեղ զարթոնք» խորագիրը:

Սա նրա հինգերորդ անհատական ցուցահանդեսն է: «Ոգեշնչվում եմ գրեթե այն ամենից, ինչը սեր եւ երջանկություն է բերում ինձ», – ասում է մեր զրուցակիցը, որ երազում է իրեն շրջապատող մարդկանց երջանիկ տեսնելու, խաղաղության, բոլորի տներում մանկան ճիչի մասին, ու ինչպես ինքն է ասում` չպակասենք:

Նկարչուհին հավելում է, որ ներշնչվել է հատկապես Մինասի ու Սարյանի, Այվազովսկու, Վան Գոգի, Դեգայի ու այլոց կտավներից: Միաժամանակ նշում է, որ բնությունը շատ մեծ ուժ է տալիս իրեն եւ ստեղծագործելու անսպառ էներգիա. «Օրինակ, երբ դրսում էտյուդ ես անում, կարծես բնությունը խոսում է քեզ հետ` երբեմն լուռ, երբեմն աղմկոտ, երբեմն թեթեւ ճնճղուկների երգով ու բնության հետ ներդաշնակ մարդկանցով։ Առանձնահատուկ ոգեւորությամբ հետեւում եմ նաեւ ժամանակակից ստեղծագործողների գործերին, օր օրի բացահայտում նոր տաղանդների»:

Ինչ վերաբերում է իր գործերին, ասում է` շատ են նշում, որ դրանցում դաշտի բույրն են զգում: Հավելում է, որ իր աշխատանքներն իրենց բնակարաններում ունենալ ցանկացող մարդկանց գրավում են հատկապես իր վառ գույները. «Երեւի նաեւ այն է գրավում, որ աշխատում եմ մեծ սիրով եւ հոգի եմ դնում նկարներիս մեջ, հավանաբար դա զգացվում է, որովհետեւ ցուցասրահներում անգամ հեռվից նկատում են, ասում են` սրանք հաստատ Լիլիթի գործերն են` կյանքով եւ դրական հույզերով լի»:

Լիլիթ Տոնականյանը երազում է իր նկարների միջոցով աշխարհին պատմել Հայաստանի մասին, ցուցադրվել արտասահմանում, ներկայանալ «դրսի» հեղինակավոր ցուցասրահներում: Վստահ է, որ դա մի օր իրականություն է դառնալու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930