Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը՝ Հովհաննավանքում

Ապրիլ 08,2021 12:00

Հովհաննավանքը գտնվում է Արայի լեռան դիմաց, «ծիծաղագնաց եւ կարկաչահոս» Քասախ գետի «գեղադիտակ քարափին»: Այն միջնադարյան Հայաստանի հոգեւոր ու մշակութային հռչակավոր կենտրոններից էր: Այստեղ, ըստ որոշ հնագետների եւ հնագիտական ուսումնասիրությունների, առաջին շինությունը եղել է հեթանոսական ժամանակներում կառուցված Աստղիկ աստվածուհու պաշտամունքային մեհյանը, որի հենապատերից հատվածներ պահպանվել են վանական համալիրի տարբեր տեղերում: Այդ է պատճառը, որ մինչ այսօր, այստեղ մեծ շուքով տոնվում է Վարդավառը: Հարկ է նշել, որ Հովհաննավանքն ու Քասախի կիրճը՝ իր սառնորակ աղբյուրներով, հանդիսացել է հայոց Տրդատ 3-րդ թագավորի (հավանաբար եւ ամբողջ Արշակունիների) ամառային հանգստատեղին, որի մասին հիշատակում է պատմիչ Զաքարիա Քանաքեռցին:

Հետագայում, քրիստոնեության տարածման ժամանակ, 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչը մեհյանի տեղում կառուցում է բազիլիկ եկեղեցի՝ հիմքում ամփոփելով Հովհաննես Մկրտչի նշխարները (այստեղից՝ Հովհաննավանք անվանումը): Իսկ բազիլիկան անվանվում է Սբ Կարապետ (նշանակում է առաջնորդող, առաջնեկ), Հայաստանում քրիստոնեական եկեղեցիների մեջ առաջիններից մեկը կառուցված լինելու պատճառով: Այն միանավ եկեղեցի է, որը ի սկզբանե եղել է փայտածածկ եւ քարե թաղով է փոխարինվել 573 թ.՝ վանահայր Աշոտ Դվինեցու կողմից:

Հովհաննավանքի վանական համալիրի գլխավոր շինությունները՝ կաթողիկեն (գլխավոր) ու գավիթը, կառուցվել են 13-րդ դարում Արագածոտնում իշխող Վաչուտյանների իշխանական տոհմի կողմից: Կաթողիկեն կառուցվել է բազիլիկ եկեղեցու հարավային կողմին կից:

Այն ներքուստ խաչաձեւ հատակագիծ ունի, որն առաջացել է տաճարի չորս անկյուններում շինված կրկնահարկ ավանդատների պատճառով, իսկ արտաքուստ՝ այն ուղղանկյուն քառանկյունի է: Եկեղեցին կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1215թ.՝ նախապես քանդելով տեղում գտնվող փայտածածկ հնագույն գավիթը: Նա մահացել է 1221թ. շինության ավարտման ժամանակ եւ նրա մարմինը ամփոփել են եկեղեցու ներսում, առաջին խորանի մեջ: Ենթադրվում է, որ վանքի գլխավոր ճարտարապետը եղել է մեծահռչակ Աղբայրիկը, որը կառուցել է նաեւ Սաղմոսավանքը, Տեղերի վանքը եւ ուրիշ շատ համալիրներ: Կաթողիկեի կառուցումը ղեկավարել է վանահայր Աստվածատուրը, օգնել ու օժանդակել են Առաքել երեցը, Մխիթար եւ Պետրոս քահանաները, Սարգիս ծառան, Աղբայրիկի որդին՝ Վահրամը, կնոջ՝ Թահիկի հետ եւ շատ ու շատ ուրիշներ:

Վանական համալիրի գավիթը կաթողիկե եկեղեցու եւ բազիլիկայի արեւմտյան մասում է։ Այն պատկանում է 13-րդ դարում տարածված քառասյուն գավիթների տիպին ու մի ընդարձակ դահլիճ է։ Գավթի չորս հզոր սյուները որմնասյուներին եւ իրար միանում են կամարներով։ Արեւմտյան մասից ունի հարուստ ձեւավորված շքամուտք։

Կաթողիկե եկեղեցին սկզբնապես վնասվել է 1264թ. երկրաշարժից, որի ժամանակ կործանվել է Ուշիի վանքը եւ վերանորոգվել է 1274 թ.: Եկեղեցին մինչեւ 1651թ. ոչ մի փոփոխության չի ենթարկվել: 1651-1652 թթ. նորոգումների մասին հաղորդում են պատմիչներ Առաքել Դավրիժեցին եւ Զաքարիա Քանաքեռցին:

Կաթողիկեն վնասվել է 1679 թ. հունիսի 4-ին սոսկալի երկրաշարժից, որի ժամանակ թեեւ գմբեթը փուլ չի եկել, սակայն ստացել է վտանգավոր ճաքեր: Ականատես Զաքարիա սարկավագ Քանաքեռցին մի կերպ մահից փրկվելով գրել է. «Եւ ի սուրբ ուխտն Յօհանավանք փլան ամենայն գեղեցիկ ապարանքն, եւ եկեղեցին խախտեցաւ. եւ մեք հազիւ զերծաք ի մահուանէ»: Հետագայում, եկեղեցին նորոգվել է 1682թ.՝ վանահայր Սարգիս Կարբեցու կողմից: Նա ոչ ամբողջովին նորոգել է գմբեթը եւ թմբուկի ստորին շարքերի վրա վերաշարել վեղարը: Այդ կիսավեր վիճակով էլ եկեղեցին շարունակել է գոյատեւել: 1817թ. այն, որպես ավերակ, նկատել ու բնութագրել է Հնդկաստանում բրիտանական բանակի սպա Ջոն Ջոնսոնը: 1827թ. կաթողիկեն նորից է վնասվել երկրաշարժից:

Այս մասին Ի. Շոպենը գրել է. «Գլխավորը շատ է վնասվել երկրաշարժից եւ այժմ գտնվում է խոնարհված վիճակում»: Եկեղեցին նույն թվականին վնասվել է նաեւ պարսից Սարդար խանի եղբայր Հասան խանի կողմից: 1828թ. վերջին նշանավոր դեկաբրիստ Ե. Լաչինովը այցելել է Հովհաննավանք ու գրել. «Գլխավոր եկեղեցու մեծ գմբեթը ավերման վտանգի տակ է»:

Կաթողիկեն մասնակի վնասվել է նաեւ 1840թ. երկրաշարժից, իսկ վերջնականապես կործանվել է 1918թ. հունվարի 16-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից, որի ժամանակ փլվել են գմբեթը, ծածկն ու հարավային պատը:

Վանական համալիրը վերանորոգվել է 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին: 1993թ. հունիսի 12-ին վերանորոգումից հետո տեղադրվել եւ օծվել է կաթողիկե եկեղեցու խաչը:

Ներկայումս Հովհաննավանքը գործող համալիրներից է եւ զբոսաշրջային կարեւոր հանգրվան:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող

 Հովհաննավանքը մինչեւ 1918թ. երկրաշարժը:

«Առավոտ» օրաթերթ
07.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930