Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր ուժերից առաջարկ եմ ստացել, բացի ԲՀԿ-ից»

Ապրիլ 08,2021 14:30

Սերգեյ Բագրատյանը՝ ԲՀԿ-ում «դավաճան» լինելու, «ղազագրի» եւ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին նոր լիազորություններ տալու մասին

ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ են դրել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների մի նախագիծ, որով առաջարկում են, որ խմբակցությունը լքած պատգամավորները իրար հետ կարողանան միավորվել, խումբ կազմել ու այնպիսի իրավունքներ ունենան, ինչպես խմբակցությունում ընդգրկված պատգամավորները: Որպես հիմնավորում, նախագծում նշված է, որ խմբակցություններից արդեն բազմաթիվ պատգամավորներ են դուրս եկել, նրանք կկարողանան խումբ ձեւավորել:

Նախագիծն այսօր քննարկվելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

«Առավոտի» հետ զրույցում Բագրատյանը հարցին՝ մենք չենք պատկերացնում, թե այս պահին դուք, Գեւորգ Պետրոսյանը, Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ մյուսները իրար հետ խումբ ո՞նց եք ստեղծելու ու իմաստը ո՞րն է՝ պատասխանեց. «Դա իրավունք է, պարտականություն չէ: Այսինքն, տալ հնարավորություն, որ այն պատգամավորները, որոնք կարող են համագործակցել, նրանք համագործակցեն ու արդյունավետ աշխատեն: Մասնավորապես, նման պրակտիկա կար նախկինում, խումբ կար՝ «Կայունություն»:

Մեծամասնականով ընտրված կամ ֆրակցիաներից դուրս եկած պատգամավորներն էին ձեւավորել եւ անվանը համապատասխան հիանալի աշխատում էին, կայունություն էր հաստատվում խորհրդարանում նաեւ այդ խմբի միջոցով: Հաշվի առնելով այդ փորձը՝ առաջարկեցի, որ եթե պատգամավորները կարող են ընդհանուր նպատակադրումներ ունենալ, կարող են նաեւ կայունացնող դեր խաղալ լարվածության թուլացման գործընթացում ԱԺ-ում ու կարելի է եւ այդ հնարավորությունը տալ»:

Հարցին՝ եթե դա օրենքով չամրագրվի, ձեզ ի՞նչն է խանգարում, որ դուք պատգամավորներով համագործակցեք՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Երբ այդ համաձայնությունը ստանանք, նաեւ շարունակության մեջ պետք է տայինք խմբակցությանը հավասար իրավունքներ ու լիազորություններ»:

Բագրատյանն ասաց, որ պատգամավորը ներկայացուցչական մարմին է, ժողովրդի կողմից ընտրված է, որը ժողովրդի շահերն է ներկայացնում, չի ներկայացնում որեւէ քաղաքական ուժի շահ: Թե քաղաքական ուժը որոշակի հարցերում անհամաձայնություն ունի պատգամավորի հետ, պատգամավորը չպիտի զրկվի իր իրավունքներից:

Մեր հարցին՝ «Ընտրական օրենսգրքի» վերջին փոփոխություններով ռեյտինգային ընտրակարգը հանվեց, պատգամավորը խորհրդարանում հայտնվելու է քաղաքական ուժի միջոցով, այսինքն, մարդիկ տվյալ ուժին են ընտրելու, ոչ թե առանձին պատգամավորի, պատգամավորն ինչո՞ւ պիտի կարողանա առանձնանալ ու առանձին գործել ու ունենալ նույն իրավունքները՝ Բագրատյանը պատասխանեց, որ նախագիծը ներկայացրել էին դեռ այն ժամանակ, երբ համամասնական ընտրակարգի անցում չէր կատարվել, հիմա կլրամշակեն ու նոր մեխանիզմներ կնախատեսեն, այսինքն, գաղափարից չեն հրաժարվելու. «Ի վերջո կա՛մ մենք պետք է Սահմանադրության մեջ ամրագրենք, որ արգելվում է խմբակցությունից դուրս գալը, կա՛մ եթե թույլատրվում է դա անել, պետք է իրավունքն էլ պահպանեն: Թե չէ անհամաչափություն կլինի, եթե մի պատգամավորը մյուսի նկատմամբ առավելություն ունենա»:

Հարցին՝ դուք մոտ 1500 ձայն եք ստացել, Տիգրան Ուրիխանյանը՝ մոտ 1200, ինչքանո՞վ է ճիշտ, որ պատգամավորը, կոնկրետ մի ուժի ցուցակում լինելով եւ այդքան ձայն ստանալով՝ համարի, որ ժողովուրդն իրե՛ն է ընտրել ու առանձնանա՝ Բագրատյանը պատասխանեց. «Անցողիկ շեմը օրենքով հաստատված է: Եթե օրենքով հաստատված պայմաններում պատգամավորն անցնում է ԱԺ, դրանից հետո բոլորի իրավունքները հավասարվում են: Օրինակ, ես դրանից առաջ 14 հազար 800 ձայն եմ հավաքել՝ չեմ անցել պառլամենտ: Խաղի կանոններն այնպիսին են, որ կարող է շատ ձայն հավաքես ու չանցնես ու լինի ընտրատարածք, որ քիչ ձայն հավաքես ու անցնի: Այնպես չի, որ ձայների թվով է որոշվում: Պատգամավորներին չպետք է զրկել որեւէ իրավունքից, հավասար իրավունքներ պետք է ունենան»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին Բագրատյանը առաջարկներ ստացե՞լ է, ո՞ր ուժի ցուցակով է մասնակցելու: Նա պատասխանեց, որ առաջարկներ ստացել է, բայց քննարկումներ դեռ չի անում. «Սպասում ենք, որ պրոցեսները ավարտվեն, ընտրության օրը պարզ լինի: Բազմաթիվ չնախատեսված բաներ կան, կարող է COVID-ի հետ կապված, եղանակային պայմանների հետ կապված, այսինքն, ֆորսմաժորային իրավիճակներում մի բան չլինի: Ժողովուրդն ասում է՝ գետին չհասած՝ մի բոբիկացեք»:

Հատկապես եղանակային պայմաններով պայմանավորված ընտրությունները հետաձգելը կասկածներ առաջացրեց, ուստի ճշտեցինք՝ դուք իշխանություններին վերջին շրջանում մոտ եք կանգնած, այսինքն, մի ինֆորմացիա ունեք, որ կարող է կորոնավիրուսի, մի բանի անվան տակ ընտրությունները չեղյա՞լ համարվեն՝ նա պատասխանեց. «Չէ, ես ոչ մի ինֆորմացիա չունեմ, ուղղակի կյանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ չնախատեսված գործընթացներ են տեղի ունենում»: Իսկ թե կոնկրետ ո՞ր ուժերից է առաջարկ ստացել իրենց ցուցակով գնալ ընտրության՝ Բագրատյանը պատասխանեց. «Բացի ԲՀԿ-ից, բոլորից»:

Հարցին՝ ձեզ ԲՀԿ-ում արդեն որպես դավաճա՞ն են դիտարկում, որ լքել եք իրենց թիմը, թե՞ նորմալ հարաբերություններ ունեք՝ Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Կնոջը կարող են դավաճանել, կամ հայրենիքին: Եթե այդ երկուսը չեն, մնացածը, քաղաքական տարբեր մտքեր ունենալու համար դավաճան հանելը ծիծաղելի է: Մենք բոլորս տարբեր մարդիկ ենք, տարբեր մոտեցումներ ունենք»:

Վերջում ճշտեցինք՝ դուք ԲՀԿ-ում Գագիկ Ծառուկյանի մոտ այն թուղթը, որը վարչապետը «ղազագիր» էր ասում, այդ թուղթը ստորագրել էիք, դա հետեւանքներ չունեցա՞վ, երբ լքեցիք ԲՀԿ-ն՝ նա պատասխանեց. «Ես հայտարարություն արել եմ: Այդ թղթի հետ կապված մենք լրացուցիչ ժամանակը կգա, կդիմենք դատարան, որովհետեւ առայժմ դրա հետ կապված ԱԱԾ-ն գործընթացներ է իրականացնում: Եթե դուք ստորագրեիք, կիմանայիք՝ հետեւանք լինո՞ւմ է, թե՞ չի լինում: Ես չեմ ստորագրել, ես չգիտեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930