Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ

Ապրիլ 07,2021 23:55

Հայաստանի կառավարությունը մտադիր է առաջիկա նիստում քննարկել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը զինվորական ծառայությունից խուսափած անձանց համաներման մասին օրենքի նախագիծը։ Տեղեկությունը նշված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:

«Սույն օրենքը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների (այսուհետ՝ անձանց) նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները»,- նշված է օրենքի նախագծում։

Փաստաթղթի համաձայն՝ խորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում համաներումը կտարածվի այն անձանց վրա, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը» հոդվածով։

Համաներում հայտարարելով պատժից ազատում են այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի։

Բացի այդ, նախատեսվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։

Ըստ օրինագծի՝ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածներով, նաև նրանց նկատմամբ, որոնք մինչև այս օրենքի ընդունվելը գտնվում են հետախուզման մեջ, «բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան»։

Այս օրինագծով համաներում չի կիրառվի նաև նրանց նկատմամբ, որոնք պատիժը վերջին 10 տարիների ընթացքում կրճատվել է նախագահի կողմից ներում շնորհելու կամ ՀՀ ԱԺ-ի կողմից համաներման ակտի հիման վրա և այլն։

Որպես օրինագծի ընդունման համար հիմնավորում նշվում է այն, որ համաներվածներին հնարավորություն կընձեռվի իրենց ավանդը ներդնել «Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար»։

«Առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ»,- նշված է հիմնավորման մեջ։

Միաժամանակ նշվում է, որ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930