Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նշեցին մայրության եւ գեղեցկության տոնը (ֆոտոշարք)

Ապրիլ 07,2021 23:40

Հայաստանի սպորտային մայր բուհի ղեկավարության նախաձեռնությամբ միջոցառմանը հրավիրվել էին նաեւ ինստիտուտի նախկին աշխատակիցներն ու շրջանավարտները: Ռեկտոր Դավիթ Խիթարյանը շնորհավորանքների եւ բարեմաղթանքների ջերմ խոսքեր նվիրեց նրանց:

«Գարնանային այս գեղեցիկ օրը պատեհ առիթ է երախտիքի, գնահատանքի եւ մեծարանքի խոսքեր հղելու ձեզ եւ արժեվորելու ձեր անգնահատելի դերը ընտանիքում, աշխատավայրում եւ հանրային կյանքում: Բնությունը կնոջը պարգեւել է մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել Աստվածային արարման բերկրանքին: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով եւ օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլեւ զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը: Կնոջ կեցվածքով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը: Տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մայրերին, մաղթում նրանց ընտանիքներին բարօրություն, կանացի հմայք ու գեղեցկություն: Եղեք սիրված, ցանկալի եւ միշտ ժպտացեք»,-ասաց Դավիթ Խիթարյանը:

Այս անգամ միջոցառումն անցավ մի փոքր այլ ձեւաչափով: Ցերեկույթի բանախոսներն էին ինստիտուտի մարզական լրագրության ֆակուլտետի 2013 թվականի շրջանավարտներ Վարվառա Հայրապետյանը, Շուշանիկ Հակոբյանը եւ Թագուհի Մելքոնյանը, որոնք ներկայումս առաջատար դիրքեր են զբաղեցնում հայկական մեդիայում: Նրանց մասնագիտական որակների տիրապետման շնորհիվ միջոցառման տարբեր սերունդներ ներկայացնող մասնակիցների միջեւ այնպիսի ջերմ, անմիջական ու անկաշկանդ շփում հաստատվեց, որ ներկաներից շատերի հետ հարցազրույց վարելու գայթակղությանը չդիմացավ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, որը խոսափողը ձեռքին առանձին-առանձին մոտենում էր ու խոսեցնում անգամ ամենա «չխոսկաններին»:

Ու դա այնքան լավ էր ստացվում, որ իմ հարցին, թե կցանկանա՞ր նաեւ մարզական լրագրողի դիպլոմ ունենար, ռեկտորը պատասխանեց. «Շատերը կհիշեն, որ ժամանակին տարբեր բուհերում գործում էին հասարակական մասնագիտությունների ֆակուլտետներ: Ես, լինելով ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանող, զուգահեռ ԵՊՀ-ում հաճախել եմ լրագրության դասընթացների եւ ուսանել եմ լրագրություն: Ի դեպ, այն ժամանակ համալսարանում լրագրության ֆակուլտետ չկար: Ավելին ասեմ, նույնիսկ այն տարիներին հանրապետությունում ամենասիրված «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում հոդվածներ եմ տպագրել, որոնք պիտի որ մինչեւ հիմա պահած լինեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930