Aravot.am-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի միակ պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը հետաքրքիր մանրամասներ պատմեց մարդկանց գեղեցկացնելու իր մասնագիտական գործունեությունից։
Նա նաև խոսեց համավարակի ծանր ազդեցությունից, որի պատճառով արտերկրից՝ հիմնականում ՌԴ-ից, նախկին Խորհրդային Միության տարբեր երկրներից, ինչպես նաև Իրանից ու հարևան Վրաստանից իր մոտ հերթագրված պացիենտները չեն կարողացել գալ։ Ըստ բժշկի, Գյումրիում պլաստիկ վիրաբուժությունը որակի ու գնի առումով դրսում ապրողներին շատ է գրավում։ Արտերկրում բնակվող թե՛ հայերը, և թե՛ օտարազգիները, տեսնելով շրջապատում վիրահատված մարդկանց, ընտրում են բժշկին։
Պլաստիկ վիրաբույժի կարծիքով, վիրահատված մարդուն իր աչքով տեսնելը, նրա հետ վիրահատության ընթացքի մասին զրուցելը բժշկին ընտրելու լավագույն տարբերակն է, քան համացանցը։ Ի դեպ, Գյումրի բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատությունները շատ ավելի մատչելի են, քանի մայրաքաղաքի որոշ կլինիկաներում, այստեղ ոչ էժան են, ոչ՝ թանկ, միջին գներ են։
Կարդացեք նաև
«Աստղաբաշխական գները, որոնք կան մայրաքաղաքում, Գյումրիում չեն կարող լինել, չի գործում և չի գործելու։ Այստեղ միջին գնային քաղաքականություն է վարվում։ Կարծում եմ դա արդարացված է, ավելի ճիշտ է։ Մայրաքաղաքում կան վիրաբույժներ, որոնք ավելի մատչելի են վիրահատում, քան մենք՝ Գյումրիում, բայց մենք գերադասում ենք ոչ շատ թանկ, ինչ գներով որ վիրահատում են մայրաքաղաքի շատ հայտնի բրենդային վիրաբույժներ, ոչ էլ շատ էժան։ Երբ որ վիրահատում ես շատ թանկ, ասում են՝ ինչո՞ւ է այսքան թանկ, երբ որ վիրահատում ես էժան, ասում են՝ ինչո՞ւ է այսքան էժան, գուցե լավը չէ՞, մի բան այն չէ՞, բայց իրականում այդպես չէ։ Կոնկրետ հենց մեր վիրահատարանի, նյութերի համար կարող եմ ասել, որ ամեն ինչ լավագույնն է՝ և՛ տեխնիկան, նարկոզի ապարատը և՛ նյութերը», -ասում է պլաստիկ վիրաբույժը։
Ըստ Դավիթ Սմոյանի, օրական առնվազն 2-3 վիրահատություններ են լինում, անցած տարի կորոնավիրուսի և պատերազմական իրավիճակի պայմաններում մոտ 170 վիրահատություններ են արել։ Ըստ նրա, կային ամիսներ, երբ մարդիկ տնից անգամ դուրս չէին գալիս, զգուշանում էին վիրահատվելուց։ Պատերազմի դեպքում էլ՝ բնականաբար, սիրտ ու հավես չունեին։
Պլաստիկ վիրաբույժը նշեց, որ իրեն հիմնականում դիմում են քթի վիրահատության համար, սակայն վերջերս նկատելի է նաև կրծքեր, կոպ,ականջ վիրահատողների, երիտասարդանալու ցանկություն ունեցողների բավական մեծ հոսք։ Դիմում են նաև ֆեյս լիֆտինգ, որովայնի լիպոսակցիա, լիպոպիլինգ անելու, մարմնի կոնտուրների ձևափոխման համար։
Ըստ նրա, պլաստիկ վիրահատությունն այնքան հասանելի, տարածված ու բնական երևույթ է դարձել, որ մարդիկ իրենց ցանկությունները, երազանքները դարձնում են իրականություն։
«Դիմում են տարբեր ցանկություններով, տարբեր պատճառներով, հիմնականում, բնականաբար, քթի պլաստիկայի համար։ Ինչու եմ ասում՝ բնականաբար, նախ կա մեծ ցանկություն, կա հնարավորություն իրականացնել քթի վիրահատությունը, ստանալ ավելի գեղեցիկ քիթ։ Միայն քիթը վիրահատելով՝ բավական մեծ տարբերություն ենք ստանում։ Դեմքը, արտաքինը փոխվում է, և ամենակարևորը ունենում ենք մարդու՝ թե՛ կնոջ, թե՛ տղամարդու ինքնավստահության, ինքնագնահատականի բարձրացում։ Սա ևս մեր վիրահատության նպատակներից մեկն է, շատ ժամանակ գերագույն նպատակն, այսինքն ունենալ սեփական արտաքինի բարեփոխման միջոցով նաև հոգեբանական որոշ խնդիրների մեղմացում։ Մեծ մասամբ այդպես էլ լինում է»։
Բժիշկն ասում է՝ եթե նախկինում ամաչում էին, մեկը մյուսից թաքցնում քիթ վիրահատելը, այլևս այդ բարդույթը չկա․ սկսել են ավելի անկաշկանդ նայել այդ հարցին։
«Ես դա ողջունում եմ, պետք չէ բամբասանքների, խոսակցությունների մասին մտածել, դրանց հետևից ընկնեն»,-ասում է Դավիթ Սմոյանը։
Նա պատմում է, որ շատերը գալիս են վիրահատության՝ ծանոթների կամ համացանցից վերցրած նկարներով, ուզում են ճիշտ այդպիսի քիթ ունենալ, սակայն իրենք փոխում են եղած քիթը, որը համահահունչ պիտի լինի իր դեմքին, ոչ թե ցանկություններին։
Բժիշկ Սմոյանը նաև հիշում է դեպքեր, երբ հրաժարվել են պացիենտներին վիրահատել, քանի որ նկատել են՝ խնդիրը ոչ թե արտաքինի մեջ է, այլ հոգեբանական է։
Գյումրու միակ պլաստիկ վիրաբույժին դիմում են նաև սեռափոխման համար։
«Ինձ դիմել են, բայց ես հրաժարվել եմ անել այդ վիրահատությունը և չեմ էլ ցանկանում։ Առաջինը նրա համար, որ այդ վիրահատությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով թույլատրված չէ։ Ես չէի ցանկանա ընկնել նման իրավիճակի մեջ կամ խախտել օրենքը։ Բացի այդ, բուն սեռափոխման վիրահատությունները տեխնիկապես, բժշկական հագեցվածության առումով լուրջ վիրահատություններ են։ Պահանջում է նաև երկարատև աշխատանք հոգեբանի հետ, երեք տարի երեք տարբեր հոգեբաններ պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որ տվյալ անձը չի ցանկանա փոխել իր կարծիքը։ Այսինքն՝ իր կարծիքը վերջնական է։
Եվ դա խաղ ու պար չէ, որ ասենք մի անգամ տղա են ուզում դառնալ, հետո աղջիկ են ուզում դառնալ։ Շատ ռադիկալ միջամտություն է և՛ արվում է հոգեբանի ու էնդոկրինոլոգի հսկողության տակ։ Եվ անդրոլոգ, էնդոկրինոլոգը, և գինեկոլոգ, էնդոկրինոլոգը պետք է հսկեն տվյալ պացիենտին, ինքը պիտի երկար ժամանակ ստանա հորմոնային բուժում։ Էտապային վիրահատություն է, որը որ բավական բարդ է, ունի նաև բարդությունների մեծ տոկոս։ Արդյոք արդարացվա՞ծ է այդ ամենի միջով անցնելը, ինձ համար ՝ոչ»,- ասում է Դավիթ Սմոյանը։
Ի դեպ, Դավիթ Սմոյանի կինը՝ Տաթևիկ Մանուկյանը, ևս բժշկուհի է, նա Գյումրիում ճանաչված սրտաբան է։ Երիտասարդ ամուսինները Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի այն քիչ կադրերից են, որոնք ավարտելուն պես՝ վերադարձել են հայրենի քաղաք։
Պլաստիկ վիրաբույժը նշում է, որ գյումրեցի բժիշկներից շատեր են լքում հարազատ քաղաքը, ավելին՝ երկիրը։ Ըստ նրա, Գյումրի բժշկական կենտրոնի շատ բժիշկներ են մեկնել Գերմանիա աշխատելու, որը և՛ մեծ ցավ է, և՛ հպարտություն։
«Մենք ուզում ենք մնալ մեր հող ու ջրի մեջ, ինչու պիտի բոլորը գնան, մենք չենք ցանկանում լքել մեր երկիրը , մեր հայրենիքը։ Ինչո՞ւ գնալ, եթե կարելի է քո երկրում կայանալ, իհարկե, դա և՛ հեշտ է, և՛ դժվար»,- ասում է Դավիթ Սմոյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ