Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ՌԴ նախագահի հետ պայմանավորվել ենք գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ»

Ապրիլ 07,2021 22:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» մի քանի տասնյակ անդամների հետ:

Կառավարության ղեկավարը ողջունել է հանդիպման փաստը և նշել. «Գիտեք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք, որտեղ հասկանալիորեն մեծ մտահոգություններ, հարցեր կան և այսօրվա իմ հանդիպման ամենակարևոր ուղերձն այն է, որ շատ կարևոր եմ համարում, որ և ձեզ համար, նկատի ունեմ Մոսկվայի, և ընդհանրապես Ռուսաստանի, ինչպես նաև ամբողջ աշխարհի հայության համար հնարավորություն լինի` ուղիղ աչքերի մեջ նայելով բարձրացնել հարցեր և հնարավորություն ինձ համար` պատասխանելու այդ հարցերին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այսօր ունեցած բանակցությունների արդյունքներին և նշել, որ երեքուկես ժամվա ընթացքում գործնականում քննարկել են օրակարգի բոլոր հարցերն ու նրբությունները: «Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ գոհ եմ հանդիպման արդյունքներից: Իհարկե ՌԴ նախագահի հետ շատ բաց հարաբերություններ են հաստատված, մանավանդ վերջին ամիսներին հարաբերություններն իրենց բնույթով անմիջական են դարձել:  Այսօր էլ քննարկեցինք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, անդրադարձանք տարածաշրջանային, նույնիսկ միջազգային հարաբերությունների հարցերին:

Հանդիպումն անցավ արդյունավետ, փաստաթուղթ չենք ստորագրել, բայց խոսել ենք մի շարք փաստաթղթերի մասին, այդ թվում` անվտանգային ոլորտի, նախկինում ստորագրված փաստաթղթերի հետագա իրագործման մասին: Չնայած այդ փաստաթղթերը կամ համաձայնություններն իրագործվում են նաև այսօր: Գիտեք, որ ունենք հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին համաձայնագիր և համաձայնություն` տարածաշրջանային հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի մասին, որոնք գործում են»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ ՌԴ նախագահի հետ քննարկել են նոր իրավիճակում այդ համաձայնագրերի դրույթների իրագործման կոնկրետ պլանի և մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

«Տեղյակ եք, որ պատերազմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ: Դա եղել է մեր քննարկման կարևորագույն հարցերից մեկը:

Իհարկե, քննարկել ենք նաև գերիների վերադարձի հետ կապված իրավիճակը, տարածաշրջանային կոմունիկացիաների շուրջ քննարկումների օրակարգը, թե այս պահի դրությամբ ինչ արդյունքներ ունենք, ինչ ուղղությամբ պետք է շարժվենք, որտեղ է, որ ունենք լիարժեք համընկնող տեսակետներ, որտեղ է, որ պետք է տեսակետները նույնականացնելու ուղղությամբ աշխատենք:

Այնպես որ այսօրվա քննարկումը շատ արդյունավետ եմ համարում: Մեր քննարկումների օրակարգն այնքան լայն է, որ հնարավոր է ինչ-որ բան բաց թողնեմ, բայց հետագայում անպայման կանդրադառնամ դրանց: Մի բան ակնհայտ է` հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ռազմավարական է և այդ ռազմավարական համագործակցությանը պետք է ավելի մեծ խորություն հաղորդել` նաև հաշվի առնելով արդի մարտահրավերներն ու այն իրավիճակները, որ մենք ունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան գերիների վերադարձի հետ կապված հարցի` վարչապետն ընդգծել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` «տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ գերիների հետ վերադարձի ապահովման հարցում լիարժեք ըմբռնում ունեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և այս ուղղությամբ ևս պայմանավորվածությունն անմնացորդ իրականացնելու կարծիքները համընկնում են: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՌԴ նախագահի հետ պայմանավորվել են գերիների մասով իրականացնել էլ ավելի ինտենսիվ աշխատանքներ:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմին, դրանից հետո ստեղծված իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից պատերազմից տուժած արցախահայությանը ցուցաբերվող օժանդակությանը, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին, այն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համատեքստում և այլ թեմաների:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930