Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան․ «Պուտինը Փաշինյանին ցուցակ է տվել, թե ով չպետք է անցնի Ազգային Ժողով»

Ապրիլ 07,2021 21:35

«Ռուսաստանը տարածաշրջանում ունի իր շահերը, եւ խոսում է իր շահերի տեսանկյունից է, օրինակ, երբ ասում է, որ  ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարեւոր է Հայաստանի համար։ Ռուսաստանին հետաքրքիր չէ  Լեռային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր համար դա գլխավորը չէ, գլխավորը ճանապարհների բացումն է, եւ  դա բխում է իր շահերից ՝ եթե ճանապարհները բացվեն Ռուսաստան ու Հայաստանը կկապվեն   Ադրբեջանով, կամ օրինակ՝ Ռուսաստանն ու Իրանը կկապվեն»,-այս կարծիքին է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ արած  հայտարարությունների մասին։

Այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հետ հանդիպմանն, ըստ պաշտոնական հաղորդագրության,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է․«Իհարկե, կարեւոր բաղադրիչ է տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների  եւ առեւտրատնտեսական կապերի վերականգնման հնարավորությունը, որպեսզի Հայաստանի նոր հնարավորություններ ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով՝ դա չափազանց կարեւոր բան է»։

Ստեփան Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատում է՝ կարելի է քննարկել, թե ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինչ կտա Հայաստանին, մեր տնտեսությանը,  դա դեռ պարզ չէ, բայց ակնհայտ է, ապաշրջափակումը բխում է ՌԴ-ի շահերից, եւ իրենք վաղուց ասել են այդ մասին։

«Մեզ համար գլխավոր հարցը գերիների հարցն է, ինչի  մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց,  բայց դժբախտաբար, նա չխոսեց ԼՂ կարգավիճակի մասին, գոնե հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին խոսք չկա։ Իհարկե, ամեն երկիր ունի իր գերակայությունները,բայց  ես  պնդում եմ՝  մերոնք անպայման պետք է խոսեին ԼՂ կարգավիճակի մասին, խոսեին ԵԱՀԿ Մինսկի խմբի վերականգնման մասին»,-ասում է պարոն Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը  համարում է, որ այս փուլում ինչ-որ չափով  Արցախի հետ կապված ինչ-որ հարցեր լուծված են, եւ, կրկնեմ՝ նրա համար գլխավորը տրանսպորտային երթուղիների ապաշրջափակումն է»։

Aravot.am-ի հարցին՝ արդյոք համամիտ եք այն տեսակետներին, որ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես նախկիններն էին անում, մեկնել է ՌԴ՝ Պուտինից  այս արտահերթ ընտրություններում աջակցություն ստանալու համար, պարոն Գրիգորյանը պատասխանում է․«Փաստ է, որ պատերազմից հետո առաջին անգամ է, որ հանդիպեցին որպես երկրի ղեկավար, այլ ոչ թե ցուցումներ տվեցին, թե ինչ պետք է անի, եւ սա դրական է։  Մենք հիշում ենք, որ  պատերազմի ժամանակ ու դրանից հետո էլ ավելի շատ լսում էինք ցուցումներ Թուրքիայից, Ադրբեջանից, հետո Ռուսաստանից, թե ինչ պետք է անենք։ Այս  իմաստով մի քիչ լավ էր, որ դեմ դիմաց նստեցին ու ինչ-որ բաներ խոսեց Պուտինը։ Ես կասեի ինքնիշխանության տարրեր ինչ-որ չափով կային, որովհետեւ  կարող էին Մոսկվայից ցուցումներ իջեցնեին, մերոնք էլ կկատարեին։ Այն,  ինչ  ես տեսնում եմ՝  մերոնք բավականին վախով բարձրացնում են խնդրահարույց հարցեր կամ չեն  բարձրացնում ընդհանրապես։ Կասկած չկա, որ արտահերթ ընտրությունների հարցն էլ են շոշափել։  Ռուսաստանն ասել է, թե ինչ պետք է արվի։ Կարծում եմ՝ Պուտինը ցուցակ է տվել, թե ով չպետք է անցնի Ազգային ժողով»։ Թե ով կա այդ ցուցակում, պարոն Գրիգորյանն անուններ չի տալիս, բայց պնդում է՝ Նիկոլ Փաշինյանը զգուշացված է, թե ով չպետք է անցնի Ազգային Ժողով։

Դիտարկմանը՝ ՀՀ-ն, այսպիսով` ամբողջովին կախված է եւ առաջիկա տարիներին կախված է լինելու ՌԴ-ից, պարոն Գրիգորյանը նշում է․«Դա ինձ շատ է մտահոգում։ Ցանկացած անկախ պետություն պետք է այնքան  հարգի իրեն, որ բազմավեկտոր քաղաքականություն վարի։ Այո ՌԴ-ն կարեւոր գործընկեր է, պետք է շարունակել այդ հարաբերությունները, բայց մենք պետք է աշխարհի այլ խաղացողների հետ էլ աշխատենք, օրինակ՝ Վաշինգտոն, Բրյուսել, Պեկին, Թեհրան եւ այլն։ Բայց ես դա չեմ տեսնում,  գուցե  նաեւ պատերազմի հետեւանքն է, որ այսօրվա իշխանությունները  հակված չեն այլ խաղացողների հետ աշխատել, ինչն ամենամտահոգիչն է։ Իսկ ով ասաց, որ համագործակցությունն օրինակ ԵՄ երկրների, Պեկինի, ԱՄՆ-ի  հետ, ուղղված է լինելու ՌԴ-ի դեմ։ Ընդհանրապես այսպիսի խնդիր չպետք է դրվի, պետք է համագործակցել, բայց  ես տեսնում եմ, որ իշխանությունների մոտ մեծ ցանկություն էլ չկա այլ խաղացողների հետ աշխատել։ Այն ինչ խոսվեց Պուտինի հետ, ակնհայտ է՝միայն Ռուսաստանի հետ ենք կապվում, օրինակ՝ բանակի սպառազինման բարեփոխումները,  զինտեխնիկայի ձեռքբերումը,  նոր  ատոմակայանի կառուցումը։ Ամեն ինչը կապվում է նորից ՌԴ-ի հետ, ես սա շատ մտահոգիչ փաստ եմ համարում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930