Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս այցից Հայաստանի համար մեծ բաներ սպասելու կարիք չկա, Նիկոլն ավելի շատ մտածում է իր հետագա ճակատագրի մասին». Արտակ Զաքարյան

Ապրիլ 07,2021 21:12

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը հիմքեր ունի մտածելու, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա տեղի է ունենում սեփական նախաձեռնությամբ: Այս մասին նա հայտարարեց այսօր:

«Մեծ հաշվով քաղաքական օրակարգային խնդիրներ որպես այդպիսին, կարծես թե, չկան, որովհետեւ իրավիճակը նոյեմբերի 9-ից եւ հունվարի 11-ից հետո աշխատանքային հունի մեջ է: Այն բոլոր պրոբլեմները, որոնք այս իշխանությունը արցախյան պատերազմից հետո ստեղծեց տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի եւ Արցախի համար, ավելի շատ Ռուսաստանի տիրույթում լուծման ենթական պրոբլեմներ են, որովհետեւ սրանք ամբողջ աշխարհին արդեն ապացուցել են, որ ի զորու չեն որեւէ գործում կառուցողական որեւէ խնդիր լուծել: Այն հարցերն էլ, որոնք մամուլի հայտարարությունների մեջ եղան իբրեւ թե քննարկման հարցեր, կարծես, որեւէ հրատապություն չունեն: Իմ ունեցած տեղեկություններով, Նիկոլը Մոսկվա հանդիպման գնում է զուտ իր անձնական խնդրանքով: Ավելի շատ ենթադրում եմ՝ անձնական նշանակության խնդիրներ քննարկելու համար: Նախաձեռնությունն էլ իրենն է եղել, որովհետեւ այլ հրատապ լուծման, հանդիպման եւ տետ ա տետ քննարկումների խնդիրներ, կարծես թե, չկան: Այնպես որ, այս այցից Հայաստանի Հանրապետության համար մեծ բաներ սպասելու կարիք չկա, Նիկոլն ավելի շատ մտածում է իր հետագա ճակատագրի մասին: Սա իմ անձնական դիտարկումն է եւ դրա համար ունեմ հիմքեր:

Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռ հիմք չի տալիս հարյուր տոկոս վստահ լինել, որ դրանք անպայման կլինեն: Այս իշխանությունները իրենց եսակենտրոնությամբ պատրաստ են ցանկացած ավանտյուրայի, եթե տեսնեն, որ արտահերթ ընտրություններն իրենց համար պարտության հիմնաքարն է լինելու: Օգտագործելով տարբեր պատճառաբանություններ, ինչպես արեցին հունվար-փետրվար ամիսներին, չի բացառվում, որ նույնիսկ հրաժարվեն դրանից: Որովհետեւ մենք այսօր չունենք սահմանադրությամբ նախատեսված ձեւով արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն եւ չկա պաշտոնական հայտարարություն, պաշտոնական ընթացակարգ արտահերթ ընտրություններ նախաձեռնելու համատեքստում: Ֆեյսբուքյան գրառումը դեռ հիմք չէ, ավելին, հակասահմանադրական է եւ ըստ իրենց ավելի շատ քաղաքական պայմանավորվածությունների արդյունք է: Ամեն ինչ վերածել մեկ մարդու թատրոնի կամ քմահաճությունների, մենք դրանով չպետք է առաջնորդվենք»,-ասաց նախկին փոխնախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930