ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում:
Հիմնական զեկուցողը նշեց, որ գործող օրենքում իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում եւ հանգեցնում են հանցագործությունների կատարմանը: Խոսքը վերաբերում է գրավադրված տրանսպորտային միջոցով Հայաստանի սահմանը հատելու դեպքերին: 2020-ի փետրվարի դրությամբ ավտովարկերի դիմաց գրավադրված տրանսպորտային միջոցներից շուրջ 42%-ը՝ 607 ավտոմեքենա, հատել է ՀՀ սահմանը:
Առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու առանց գրավառուի համաձայնության գրավադրված տրանսպորտային միջոցները ՀՀ սահմանից հանելուն: «Գրավատուն եւ գրավառուն պարտավոր են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ լիազորված անձի գրավադրած տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը»,- նշեց Արթուր Դավթյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ առաջարկվող կարգավորումը վերջնական չի լուծում խնդիրը: Նա հավաստիացրեց, որ այն ամբողջական կդառնա երկրորդ ընթերցման փուլում:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանը հեղինակին առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել՝ փոփոխությունները վերջնական դարձնելու նպատակով: Պատգամավորի կարծիքով՝ խնդիրն առկա է, սակայն բերված նախագիծն այն չի լուծում: Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխությունը խոչընդոտում է երկու սուբյեկտների կամարտահայտումը:
Հարցի առնչությամբ Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
Փոխնախարարը նշեց, որ գաղափարին դեմ չեն: Նա ընդգծեց, որ օրենքում նման դրույթ առկա է, սակայն չկա դրա վերահսկողությունը. «Որեւէ կերպ չի հասկացվում ՀՀ սահմանին գտնվող մեքենան գրավադրվա՞ծ է, թե ոչ»: Կառավարությունը կարծում է, որ բերված նախաձեռնությունը սահմանափակում է պայմանագրի ազատության սկզբունքը: Ուստի առաջարկում է ներդնել հայեցակարգային մոտեցում՝ կողմերի համաձայնությամբ: Վահե Դանիելյանը նշեց նաեւ, որ առաջարկվել է կարգավորում սահմանել «Պետական սահմանի մասին» օրենքում եւ փորձարկել դրույթի կիրառումը:
Հիմնական զեկուցողի համար ընդունելի են Կառավարության առաջարկները:
Լրամշակված օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
ՀՀ Ազգային ժողով