Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը պետք է հետ կանչել:
«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «ԱԱԾ-ն առաջարկում է փոխել պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը. ի՞նչ նպատակով» թեմայով առցանց քննարկման ընթացքում նա հայտարարեց. «Մշակման փուլում նախագիծը մասնակցային չէ: Ներկայացվող նախագիծը ոչ միայն շատ հարցերի չի պատասխանում, այլև խորացնում է իրողությունները, որոնք կային քաղաքացիների իրավունքների տեսանկյունից, հասարակության հետ կապված խնդիրների առումով, դրանք որևէ ձևով չեն շտկվելու այս օրենքի ընդունման պարագայում»:
Հայկ Մարտիրոսյանի բնութագրմամբ՝ ոչ թե պետական մարմինները սուբյեկտիվ նկրտումներ են ունեցել նման ձևով օրենքի նախագիծ ներկայացնելու, այլ դրսևորել են անփութություն և բերել հասցրել նրան, որ ունենք նման նախագիծ: Նա առաջարկում է հետ կանչել նախագիծը, ստեղծել հանձնաժողով, ներգրավել հասարակական սեկտորի ներկայացուցիչներին և քննարկել միջազգային փորձն ու պրակտիկան ՝ փորձելով չհակադրել քաղաքացու՝ տեղեկատվության հասանելիության իրավունքը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը փաստեց՝ ցավոք, չսովորեցինք այդպես էլ ինչպես է ճիշտ մշակել հանրային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր բոլոր ոլորտներում: Այս օրենսդրական նախաձեռնության առիթով նա ասաց. «Վաղուց հասունացել էր անհրաժեշտությունը՝ դեռ 1996-ին ընդունված օրենքը բարեփոխել, նոր օրենք մշակել: Սակայն այն ձևը և բովանդակությունը, որով փորձել են այդ հարցը լուծել, չի բավարարում մեզ»:
Կարդացեք նաև
Շուշան Դոյդոյանն ասաց՝ երբ նայում ենք պրակտիկան, պետական գաղտնիքի հիմքով մերժումները տարեցտարի նվազում են: Շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք մերժումների՝ անձնական տվյալների պաշտպանության օրենքով:
Ըստ Շուշան Դոյդոյանի՝ օրենքի նախագծում միակ դրական լուծումը գաղտնազերծման գործընթացի որոշակի հստակ ընթացակարգի սահմանումն է, քանի որ այս ոլորտում նույնպես գրեթե բացակայում է պրակտիկան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ