Ապրիլի 7-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում ՇՄԱԳ-ի դրական եզրակացության ստացումը:
Փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է երեք ուղղություններով հավասարակշռման քաղաքականություն վարի. առաջինը՝ պետք է հաշվի առնվեն բնակիչների շահերը, որոնք պիտի իրենց գույքի համար արդար փոխհատուցում ստանան, երկրորդը՝ ներդրողների շահերն են, որպեսզի ունենան տրամաբանական շահութաբերության որոշակի շեմ, իսկ երրորդը հանրային շահի ապահովումն է: Համակարգված աշխատանքի և նշյալ ուղղությունները հավասար գերակայություն ճանաչելու հիմքով՝ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը:
Անդրադառնալով քաղաքաշինական այլ խոշոր ծրագրերին՝ փոխվարչապետը հավելել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությամբ խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծման աշխատանքներից: Այդ պրակտիկան արդեն իսկ կիրառության մեջ է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին: Նա ընդգծել է, որ թափանցիկ մրցութային ընթացակարգերը կարևոր են՝ երաշխավորելու հանրության վստահությունը նման նախագծերի նկատմամբ:
Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման հարցերի լայն շրջանակին: Այդ համատեքստում քննարկվել է թաղամասի ամբողջական ծավալատարածական լուծումների և կառուցապատման ամբողջական էսքիզային նախագիծը: Օրակարգի կարևոր հարցերից մեկը վերաբերում էր թաղամասում առկա հուշարձանների, դրանց տարածքների պահպանության և կառուցապատման ընթացքում տեսողական ընկալման պայմանների՝ առավելագույնս ընդունելի լուծումներ ունենալուն:
Կարդացեք նաև
Ընդգծվել է, որ թաղամասի տարածքում առկա բոլոր պատմամշակութային հուշարձանները պահպանվելու են, իսկ պահպանության և ամրակայման աշխատանքները կատարվելու են օրենքով սահմանված կարգով: Անդրադարձ է կատարվել լոտերի իրացման աշխատանքների ներկայիս փուլին. 18 լոտերից 10-ում ավարտվել են իրացման աշխատանքները, իսկ մնացած 8-ի ավարտական փուլի համար որոշում է կայացվել աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով գործընթացին ներգրավել համայնքային համապատասխան մարմնին:
Առաջիկա անելիքների վերաբերյալ փոխվարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:
ՀՀ կառավարություն