Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս, նախ և առաջ պետությունը, պարտականություն ունենք չմոռանալ այդ ընտանիքներին, չմոռանալ այն տղաներին և աղջիկներին, որոնք պատերազմի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը. ՀՀ նախագահ

Ապրիլ 07,2021 20:20

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պետական պարգևների են արժանացել մի խումբ կին զինծառայողներ:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանձնել է պետական պարգևները: Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նվերներ են հանձնվել նաև մի խումբ բուժաշխատողների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների: Հանրապետության նախագահի կողմից առանձին նվեր է հանձնվել նաև ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջը՝ Ռիմա Դեմիրճյանին:

Շնորհավորելով տոնի առիթով՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայ մայրը ոչ միայն ընտանիքի սյունն է, այլև, անհրաժեշտության դեպքում, հագնում է զինվորական համազգեստ՝ պաշտպանելու հայրենիքը:

Նախագահը նշել է, որ կանայք, անկախ մասնագիտությունից, լավագույն որակներով են դրսևորում իրենց. «Այս հանդիպումից առաջ խոսում էի պաշտպանության նախարարի հետ, նա հակիրճ ներկայացրեց այն հերոսությունները, որ դուք կատարել եք: Գլուխ եմ խոնարհում ձեր առջև:

Ձեզնից յուրաքանչյուրն արժանի է ոչ միայն շնորհավորանքի, այլ նաև հսկայական սիրո ոչ միայն ձեր ընտանիքի, ամուսնու, ծնողների, այլև մեր ողջ ժողովրդի կողմից: Մեր բուժքույրերը, զինվորական բուժքույրերը ոչ միայն զինվոր, ոչ միայն բժիշկ են եղել, այլ նաև՝ քույր, մայր և փորձել են ամեն ինչ անել, որ մեր տղաների կյանքը փրկեն:

Չեմ կարող չխոսել այն մայրերի մասին, որոնք իրենց զավակներին են կորցրել: Հազարավոր մեր փայլուն երիտասարդների կորուստը հսկայական կորուստ է մեր բոլորի ու նրանց ընտանիքների համար: Բոլորս, նախ և առաջ պետությունը, պարտականություն ունենք չմոռանալ այդ ընտանիքներին, չմոռանալ այն տղաներին և աղջիկներին, որոնք պատերազմի ժամանակ զոհաբերեցին իրենց կյանքը, ինչպես նաև նրանց, որոնք վերադարձան վիրավորված և նրանց, ովքեր շարունակում են ծառայել»:

Հանրապետության նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել կին բուժաշխատողներին՝ մասնավորապես նշելով. «Համավարակը մեր ժողովրդից խլել է մոտավորապես նույնքան զոհ, որքան պատերազմը, և շարունակում է խլել: Այստեղ նույնպես ռազմաճակատ է, և բոլորիս մասնակցության կարիքը կա, զգոնության, կարգապահության կարիք ունենք»:

Եզրափակելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի առավելագույնը՝ իսկապես նոր և ուժեղ հայրենիք կառուցելու համար: «Մեր պարտականությունն է կառուցել իսկապես նոր և ուժեղ հայրենիք: Վստահ եմ, որ միասին ոտքի ենք կանգնեցնելու մեր հայրենիքը, և նոր հաղթանակների և հպարտության օրերը դեռ գալու են,- նշել է Հանրապետության նախագահը: -Բոլորս միասին ձեռք ձեռքի տված, միասնական, առանց բաժանվելու գույների ու հայացքների, առաջ պետք է գնանք: Բոլորս նույն տան մեջ ենք, և մեր երեխաների համար պետք է ավելի պայծառ և ապահով ապագա կառուցենք, որպեսզի նրանք շարունակեն ապրել այս պատմական և գեղեցիկ հայրենիքում, որի համար իրենց կյանքն են տվել մեր երիտասարդները»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930