Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվում է քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հնարավորությունը:
«Հույս ունեմ, որ այսօր մենք կքննարկենք որոշ հարցեր՝ կապված ռազմավարական ներդրումների հետ, և այդ առումով ես այսօր ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմակայանի շինարարության հնարավորությունը»,- ասել է նա Պուտինի հետ հանդիպմանը:
Փաշինյանը նաև նշել է, որ Երևանը մեծ կարևորություն է տալիս երկու երկրների տնտեսական գործակցությանը:
Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է Ռուսաստանի ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում՝ շեշտելով, որ ռազմագերիների հարցը դեռ լուծված չէ:
Կարդացեք նաև
«Եվս մեկ անգամ ցանկանում են նշել Ձեր անձնական ներդրումը մեր տարածաշրջանում կայունացման գործում, հատկապես պատերազմից, Ադրբեջանի նախագահի և Ձեզ հետ մեր համատեղ հայտարարության ստորագրումից հետո: Բայց ցանկանում եմ նշել, որ այդ համատեքստում կա շատ կարևոր հարց, որը մինչ այժմ կարգավորված չէ. դա ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց հարցն է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ուրախ է, որ այդ հարցում որևէ տարաձայնություններ ռուսական կողմի հետ չունեն:
Փաշինյանը նաև նշել է, որ Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն է դառնում:
«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դառնում է տարածաշրջանում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն: Այս առումով ես հույս ունեմ այսօր Ձեզ հետ քննարկել մեր տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և նրա շուրջ անվտանգության համակարգի ճարտարապետության վերաբերյալ Ձեր մոտեցումը: Իհարկե, մենք այսօր կքննարկենք հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման գործունեության որոշ նրբերանգներ»,- ասել է Փաշինյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ