Ապրիլի 5-ին «Լոռի» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ ներկայացրեց դիմում՝ VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ: «Լոռի» ՖԱ նախկին գլխավոր մենեջեր Սպարտակ Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ լիգայից թիմը դուրս բերելու պատճառը եղել է ՀՖՖ բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները, որոնք, ըստ ակումբի՝ արդարացի չեն. «Մենք կարծում ենք, որ ֆեդերացիան հատուկ ուշադրություն եւ վերաբերմունք է ցույց տալիս այլ ակումբների, որոնց հաջողությանը հասնելը ձեռնտու է ֆեդերացիայի ղեկավարությանը: Իսկ այդ թիմերի մեջ մենք չենք մտնում: Դա արտացոլվում է մեր հանդեպ տեղի ունեցած մի քանի անարդար որոշումներով ու դեպքերով: Մենք դրան փորձեցինք լուծում տալ ՀՖՖ բողոքարկման կոմիտեին դիմելով, որն ինքնին անկախ մարմին է, բայց կոմիտեի անդամները տարբեր ճանապարհներով սերտ կապված են ֆեդերացիայի ղեկավարների հետ: Ուստի իրենց որոշումը չէր կարող լինել տրամաբանական եւ արդարացի»:
Սպարտակ Պետրոսյանի խոսքով՝ դրա ապացույցն էլ այն է, որ 2 դեպք է գրանցվել, որոնց ժամանակ «Լոռի» ֆուտբոլային ակումբը եղել է ճիշտ, սակայն որոշումը եղել է ոչ ի օգուտ ակումբի. «Մեկն այն է, որ Ալաշկերտի խաղում չտվեցին հաղթանակ, իսկ Ուրարտուի խաղը չվերախաղարկեցին, այլ պահեցին մեր հանդեպ գրանցած տեխնիկական պարտությունը: Եվ մեր ակումբը որոշեց, որ իմաստ չկա պայքարելու մի բանի համար, որին չեն թողնելու, որ հասնենք»:
Սպարտակ Պետրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այս պահին իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սաների կրթմանը: Նրանք շարունակում են մասնակցել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի մանկապատանեկան առաջնություններին: Իսկ մեծերի թիմը Հայաստանի հաջորդ առաջնություններում կլինի, թե՞ ոչ, դեռեւս պարզ չէ:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից