Այսօր կանանց ցույցի ժամանակ, կառավարության շենքի մոտից բերման էր ենթարկվել նաեւ 44-օրյայում պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը` Մարգարիտա Պետրոսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Մարգարիտա Պետրոսյանն ասաց, որ ոստիկանության բաժնում իր հետ շատ նորմալ են վերաբերվել: Արձանագրություն են կազմել եւ ազատ արձակել: Արձանագրության առնչությամբ Մարգարիտա Պետրոսյանն իր անհամաձայնությունն է հայտնել. «Արձանագրությունը կազմել են`ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հիմքով, բայց ոստիկանն ինձ որեւէ բան չի ասել, որ ես էլ նրա ասածին ենթարկվեի կամչենթարկվեի: Տվյալ ոստիկանն ինձ ասել է «հեռու գնա, արա», ինձ հրեց, ես էլ ուսադիրները պոկեցի, ասաց` տարեք սրան»: Մարգարիտա Պետրոսյանն ասաց, որ այդ ոստիկանը մայորի կոչումով է եղել, սակայն նրա անուն-ազգանունը չգիտի. «Իրեն շատ եմ տեսնում ցույցերի ժամանակ»:
Անդրադառնալով կանանց ցույցի ընթացքում կատարվածին էլ, մեր զրուցակիցն ասաց. «Ապրիլի 7-ին, մայրության ու գեղեցկության տոնին հողատուի անհայրենիք ոստիկանությունը ձեռք բարձրացրեց հայ կնոջ վրա։ Սա թերևս ամենակարեւոր փաստն է, որ անհրաժեշտ է իմանալ դավաճանների Հայաստանի մասին»։
Կարդացեք նաև
Մարգարիտա Պետրոսյանը ոստիկաններին կոչ արեց ուշքի գալ. «Սա նաեւ ձեր հայրենիքն է, ձեր երեխաների հայրենիքն է։ Մի ստիպեք, որ ձեր երեխաները ձեզ նման անհայրենիք մեծանան»։ Նա չի էլ պատկերացնում, որ մի օր այս ոստիկանները կամաչեն այսօրվա համար. «Դավաճանը նրանց ոստիկանից վերածել է անվտանգության շարքային աշխատակցի։ Այդ 300 000 դրամով նրանք ոչ միայն վաճառել են ձեզ, այլ նաեւ վաճառել մեր հայրենիքն ու ձեր երեխաների կյանքը։ Մի օր նրանք կմեռնեն արժանապատվության բացակայությունից։ Հարց է առաջանում, իրենց երեխաները կկարողանա՞ն նրանց հուղարկավորել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ