Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնիության մենաշնորհի իրավունքը, որը վերաբերում է ԱԱԾ-ին, ԿԲԳ-ական և տոտալիտար կառավարմանը բնորոշ մոտեցում է». Արթուր Սաքունց

Ապրիլ 07,2021 17:15

«Այն փաստը, որ ԱԱԾ ներկայացուցիչը չի մասնակցում իրենց իսկ կողմից մշակված օրենքի նախագծի հանրային քննարկմանը, ուղղակի ապացույց է, որ ԱԱԾ-ն կամք չի դրսևորում հանրային դաշտում հանդես գալ և իր տեսակետները ներկայացնել»,-«Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված «ԱԱԾ-ն առաջարկում է փոխել պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքը. ի՞նչ նպատակով» թեմայով առցանց քննարկման ընթացքում նկատեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Տեղեկացնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունն «Իրավական ակտերի նախագծերի» հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում են փոփոխել ու արդիականացնել 1996-ից գործող օրենքը:

Հրապարակված նախագծի վերաբերյալ քաղաքացիները մինչև ապրիլի 7-ը հնարավորություն ունեն առաջարկներ ներկայացնել, ինչից հետո այն կամ կուղարկվի խորհրդարան, կամ կուղարկվի հետ՝ լրամշակման։

Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ ԱԱԾ-ն շարունակում է մնալ որպես գաղտնի կառույց և հակված չէ որպես մասնակցային գործընթացի պատշաճ նախաձեռնող հանդես գալ: Այս առիթով նա հայտարարեց. «Նման գործելակերպն ամենևին չի համապատասխանում ժողովրդավարական պետության ինստիտուտի, պետական ինստիտուտի վարքագծին ու մոտեցմանը, առավել ևս, եթե դա վերաբերում է անվտանգության հարցերով պատասխանատու կառույցին»:

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս օրենքի նախագիծը պետք է մշակվեր մասնակցային գործընթացով, ինչը չի արվել: Ուստի գաղտնիության այս մոտեցումն անընդունելի է: Նա նշեց. «Գաղտնիության մենաշնորհի իրավունքը, որը վերաբերում է ԱԱԾ-ին ԿԲԳ-ական և տոտալիտար կառավարման պետությանը բնորոշ մոտեցում է: Չպետք է լինի այն մոտեցումը, որ հիմա ներկայացվում է: ԱԱԾ-ի նման խուսափողական վարքագիծը գալիս է համոզելու, որ իրենց համար կարևոր է գաղտնիության շեմը սահմանելը, մնացածը հանրությունը պետք է հալած յուղի տեղ ընդունի: Նման վարքագիծն ինձ համար անընդունելի է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930