«Լինելով ոստիկանության գեներալ, չէի սպասում նման վերաբերմունք: Այն, ինչին այսօր ականատես եղանք, մի բառով կբնութագրեմ՝ ոստիկանությանը վերածել են շնագայլերի ոհմակի»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ Գագիկ Համբարձումյանը:
Հիշեցնենք, այսօր ՎԵՏՕ շարժման անդամները Ազնավուրի հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք`պահանջելու Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղան: Ցուցարարներին նաեւ բերման ենթարկեցին:
Կարդացեք նաև
«Սա արդեն ֆունկցիոնալ պարտականությունների կատարում չի, այն դաժանությունը, որ նրանք դնում են իրենց գործողությունների մեջ, դա պարզապես անբացատրելի է: Նրանք իրենց գործողությունները չեն կարող արդարացնել հրաման կատարելով: Իրենց ամբողջ ողբերգական ճիվաղությունը հասկանալու համար թող պատկերացնեն, որ 1915-ին թուրքական ոստիկանություն ծառայող հայերը նման կարգով շուրջկալների էին մասնակցում, բնաջնջմանն էին մասնակցում: Ոչ մի տարբերություն չկա»,- Գագիկ Համբարձումյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի`իրեն եւ իր թիմին գելխեղդների հետ համեմատությանը, Գագիկ Համբարձումյանն ասաց. «Գելխեղդ շները բնավորությամբ հանգիստ են, այն շներն են նյարդային ջղաձգումներ կատարում, երբ տուզիկն իրեն դնում է գելխեղդի տեղ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ