Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ոլորտային ասոցիացիաների ղեկավարների հետ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ այսօր այստեղ հյուրընկալելու ու առիթ ունենալու ինձ համար այս կարևորագույն ոլորտը ղեկավարելու և ձեզ հետ միասին այն առաջ տանելու համար: Առայժմ նպատակ չունեմ շատ խոսելու, հիմա աշխատելու ժամանակն է, խոսելու ժամանակը դեռ կգա»:
Անդրադառնալով նախկինում ոլորտում ունեցած իր փորձին՝ նախարարը փաստել է, որ մեր հնարավորությունները բազմապատիկ ավելի են, քան այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք: Նվազագույնից սկսելով՝ ներկայումս ոլորտը դարձել է ՀՀ արդյունաբերական, տնտեսական հիմնական ուղղություններից մեկը, և այսօրվա հանդիպման նպատակն է ֆիքսելու ընթացիկ իրավիճակը, քննարկելու հիմնական աշխատանքային, ռազմավարական, ծրագրային խնդիրները, հրատապ հարցերը և դրանք առաջ տանելու:
Նախարարը նաև հավելել է, որ նոր աշխատանքային ձևաչափ է մշակվելու՝ պետություն- մասնավոր հատված համագործակցությունն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:
Այնուհետև նախարարը խոսքը փոխանցել է «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանին: Վերջինս նշել է, որ նախորդ տարին շատ բարդ է եղել՝ համավարակի և պատերազմի հետ կապված, սակայն ներկայումս ոտքի կանգնելու փորձեր են արվում: Անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին և պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության հարցին և նշել, որ ոլորտին կենտրոն է հարկավոր և քաղաքականությունը չպետք է այնտեղ մտնի:
Կարդացեք նաև
ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը բարձր է գնահատել միասին աշխատելու հնարավորությունը, խոսել է ոլորտի աճն ապահովելու նպատակով իրենց կողմից առանձնացված 5 ուղղությունների մասին, որոնք են՝ կրթությունը-աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, ՀՀ-ի դիրքավորումը աշխարհում ՏՏ ոլորտի մեջ, գիտահեն ներուժը և էլեկտրոնային կառավարումը:
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն նախագահ Արմեն Բալդրյանը շնորհավորել է նախարարին ստանձնած պաշտոնի և պատասխանատվության առիթով և նշել, որ նախարարությունը հիանալի թիմ ունի, որն ամբիցիոզ ծրագրեր իրականացնելու հիմք է ստեղծում: Կարևորելով կրթության նշանակությունը՝ վերջինս նշել է, որ հարկավոր է դպրոցից սկսել ոլորտի զարգացումը:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել ներկաներին առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ, միասնական ջանքերի շնորհիվ, ոլորտը բազմաթիվ նոր հաջողություններ է արձանագրելու մոտ ապագայում:
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն