«Ոստիկաններին կոչ կանեմ նախ տղամարդ լինել, հետո՝ ոստիկան»,- ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը:
Հիշեցնենք, այսօր շարժման անդամները Ազնավուրի հրապարակից երթով շարժվեցին դեպի կառավարության շենք`պահանջելու Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ եղան: Ցուցարարներին նաեւ բերման ենթարկեցին: Բռնության արդյունքում վնասվեց ՎԵՏՕ շարժման անդամ Ալեքսանդրա Հարությունյանի ոտքը. նրան այդ վիճակում բերման ենթարկեցին ոստիկանություն:
«Այսօր տեսանք, որ տղամարդկության գործոնը, կարծես թե, գոյություն չունի այդ մարդկանց մոտ, դա մասնագիտական գործունեության հետ կապ չունի։ Նրանք կառավարության շենքի մոտ կանանց պառկեցնում էին գետնին, քաշքշում, բռնություն կիրառում։ Քիչ առաջ կանանցից մեկը դուրս եկավ, ու պատմում էր, որ նաեւ բաժնում են բռնություն կիրառել»,- ասաց Նարեկ Մալյանը։
Կարդացեք նաև
Նարեկ Մալյանն ասաց, որ ցույց անողներն ուզում էին մտնել կառավարության շենք, որպեսզի թուրքական ֆեսը հագցնեին այս իշխանությունների գլխին. «Ի՞նչ է խնդիրը, եթե իրենք արդեն անթաքույց թուրքական օրակարգ են սպասարկում, այդ ֆեսից այդքան վա՞տ են զգում։ Թող վատ զգան, որ Իլհամ Ալիեւն իր կոշիկները մաքրում է Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Արդեն բացահայտ թուրքերի օրակարգն են սպասարկում։ Թող կառավարության նիստերն այդ ֆեսերով անեն, մենք էլ իմանանք՝ թուրքերը եկել, գրավել են այս երկիրը, ու համապատասխան որոշում կայացնենք»:
Այլ մանրամասները քիչ ուշ`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ