Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հուշարձաններն ավերելու իրավունքը Հայաստանն է տվել Ադրբեջանին` իր անգործությամբ». Արգամ Այվազյան

Ապրիլ 07,2021 15:57

«Խորհրդային իշխանության փլուզումից հետո, վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում պետականորեն անուշադրության է մատնված մշակույթի, հայագիտության ոլորտն առհասարակ… Եթե անդրադառնանք նյութական մշակութային ժառանգությանը՝ Հայաստանի եւ պատմական Հայաստանի տարածքում 1990-ականներից առայսօր գրեթե ոչինչ չի արվել, չի էլ ծրագրվել պահպանության առումով»,-«Տեսակետ» ակումբում ասաց հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանը:

Նա անդրադարձավ Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությանը, որը նրա խոսքով, պետականորեն հիմնահատակ ավերվել է Ադրբեջանի կողմից: Հայագետը փաստում է, որ հուշաձանների թիվը 26000-27000-ի էր հասնում: «Այն ժամանակվա ղեկավարությունն՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Ադրբեջանի հետ բանակցություններում մեկ անգամ չբարձրաձայնեց այդ մասին, բերանը չբացեց»,-շեշտեց նախիջեւանագետը: Հավելեց, որ ընդամենը մի քանի անգամ հայկական կողմը դիմում-բողոքներ է ուղարկել ԵՄ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային այլ կառույցների եւ դրանց հետեւից «չի էլ գնացել»:

«Այսպիսի պետական քաղաքականություն ունեցող երկրի պարագայում, ինչպիսին Հայաստանն է, այսօրվա պատերազմից հետո էլ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների հուշարձանները բացեիբաց ավերում են Ադրբեջանի կողմից: Եվ հայկական հուշարձաններն ավերելու իրավունքը Ադրբեջանին տվել է Հայաստանն իր անգործությամբ: Ադրբեջանն էլ որպես նախադեպ ունի Նախիջեւանի հայկական հուշարձանների սպանդը»,- ասաց Արգամ Այվազյանը:

Պատմաբան Էդիկ Մինասյանն ասաց, որ համամիտ է Արգամ Այվազյանի հետ այն առումով, որ Հայաստանի քաղաքականության եւ ադրբեջանաթուրքական անպատժելիության հետեւանքներն ենք այսօր վայելում: Նրա համոզմամբ, մշակույթի նախարարության վերացումը եւս բացասական հետեւանքներ է ունենում երկրի մշակութային քաղաքականության վրա: «Մենք մռայլ ժամանակաշրջան ապրեցինք, որովհետեւ մշակութային շատ կոթողներ անուշադրության մատնվեցին»,-նշեց պատմաբանը:

«Խորհրդային միության տարիներին գյուղ չկար, որտեղ Հայրենական պատերազմին նվիրված հուշարձան չլիներ: Այսօր անուշադրության մատնված վիճակ է: Շատ հուշարձաններ, այդ թվում` Հայոց ցեղասպանության հուշարձան-կոթողները շատ վայրերում ավերված են ու այդպես թողնված…

Չմոռանանք նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի հուշարձանների ոչնչացման պետական քաղաքականություն Թուրքիան էլ է ակտիվ ձեւով իրականացրել: 100 տարի անընդմեջ այդ շրջանը պտտվում է: Այսօր լավ գիտենք նաեւ, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին իբր թանգարանի են վերածել թուրքերը, բայց չեն էլ թողում այնտեղ որեւէ միջոցառում անցկացնել»,-ընդգծեց Էդիկ Մինասյանը:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 1916-17 թթ 1950 հուշարձան Արեւմտյան Հայաստանի տարածքում դեռեւս կար, բայց 1946-48 թթ մնացել էր 120-ը, իսկ 1960-ական թվականներին ամբողջովին ոչնչացվեցին այդ հուշարձանները: Նույն պատկերն է նաեւ Ադրբեջանում: Ավերել են Նախիջեւանի հայկական հուշարձանները, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլեւս գոյություն չունի, ջարդել, ավերել են…Առաջինը մենք պետք է ձայն բարձրացնենք, հետո պահանջենք միջազգային հանրությունից: Բնական է, դա վանդալիզմի արտահայտություն է` բնորոշ Ադրբեջանին եւ ընդհանրապես թուրքական քաղաքականությանը, որը շարունակվում է: Օրինակ՝ Տիգրանակերտում եւ մյուս վայրերում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, գրեթե իսպառ վերացվում են հուշարձանները…Փառք Աստծո, որ գոնե Դադիվանքը մնացել է ռուս խաղաղապահների շնորհիվ»,-հավելեց Մինասյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «168 ժամի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930