Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր այստեղ հավաքվել են այն կանայք, որոնք պատրաստ են թե բերման ենթարկվել, թե քրեական գործ շալակել». Աննա Հակոբյան

Ապրիլ 07,2021 15:40

«Այս իշխանությունների օրոք ցանկացած միջոցառման ժամանակ ոստիկանները թվով գերազանցում են ցուցարարներին եւ անհամաչափ ուժի կիրառում է լինում. սրանում արդեն համոզվել ենք երեք տարի շարունակ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման անդամ Աննա Հակոբյանը:

Հիշեցնենք, ՎԵՏՕ շարժման անդամ կանայք այսօր բողոքի երթ եւ ցույց էին նախաձեռնել`պահանջելով կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Մինչ երթի եւ ցույցի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանն ասաց, որ հավաքվել են այն կանայք, որոնք պատրաստ են թե բերման ենթարկվել, թե քրեական «գործ շալակել», եթե կարիքը լինի. «Մենք բոլորս օրինականության կողմնակից ենք եւ կռիվ չենք տալու ոչ այդ շենք-շինության, ոչ էլ օրենքը պահող ոստիկանի հետ: Բայց եթե նրանք կխոչընդոտեն մեր ակցիայի իրականացմանը՝ մենք կլինենք շատ վճռական: Չեմ ուզում կանխավ որեւէ բան հայտարարել, բայց կանայք շատ մարտական ու վճռական են տրամադրված եւ պատրաստ են կտրուկ գործողությունների»:

Ի պատասխան օրվա ընտրության հետ կապված հարցին՝ Աննա Հակոբյանը նշեց, որ մայրության տոնի հետ ցույցի համընկնումը պայմանավորված է նրանով, որ կանայք հետպատերազմյան շրջանի ամենատուժած հատվածն են, ամբողջ բեռը ծանրացել է կանանց փխրուն ուսերին: Որպես օրինակ նա մատնանշեց որդեկորույս մայրերին, գերիների, անհետ կորածների մայրերին, ովքեր ամեն օր դժոխքի ճանապարհով են անցնում` այս անորոշության եւ սոցիալական խնդիրների պայմաններում:

«Այսօր տեղեկացանք նաեւ, որ գերիների ցանկում կա կին. նույնիսկ կապիտուլյանտն իր շնորհավորական ուղերձում նշել է այդ մասին: Իսկ այս իշխանությունները կարողանում են մատ թափ տալ հայ ժողովրդի վրա, բայց որեւէ կերպ չեն հակադարձում Էրդողանի կամ Ալիեւի խայտառակ հայտարարություններին: Նրանք սիրաշահում, սիրահետում են թուրքերին, էլ ի՞նչ գերիների վերադարձի մասին է խոսքը»,- հայտարարեց Աննա Հակոբյանը:

ՎԵՏՕ շարժման անդամի փոխանցմամբ՝ իրենք իրականացրել են իրազեկման ցույցեր , արդյունքում իրենց հետ կապվել են գերիների մայրեր, զոհվածների քույրեր, ովքեր նույնպես միանալու էին բողոքի ցույցին եւ երթին:

«Մենք հեռացնելու ենք այս իշխանությունը, քանզի եթե այսպես շարունակվի՝ նրանք պարզապես տեղ չեն ունենալու իրենց աթոռները դնելու համար, որովհետեւ տեսնում ենք, թե ինչպես են օր-օրի Հայաստանի Հանրապետության տարածքները զիջում: Իսկ Արցախի նախագահին ընդհանրապես չեմ ցանկանում անդրադառնալ. այդպիսի ինքնասիրահարված երեւույթը դեռ չի ինքնահրկիզվել, մի հատ էլ փորձում է կանանց անհոգություն մաղթել: Ուղերձներն ու շնորհավորանքները պարզապես ցինիզմ են. Մեզ համար նոյեմբերի 9-ից հետո օրացույցի էջը չի թերթվել»- ասաց Աննա Հակոբյանը` հավելելով, որ մեկ բանում իշխանությունն այնուամենայնիվ, հաջողել է. պառակտել է ազգին, որի արդյունքում, ցուցարարի կարծիքով, մենք այսօր ունենք երկու զուգահեռ իրականություն՝ Եռաբլուր եւ սրճարաններում տոն տոնող կանայք ու տղամարդիկ. «Արդար չէր, որ Երեւանն այդպես էլ անմիջական մասնակից չդարձավ պատերազմական իրադարձություններին: Մարդիկ Կասկադում եւ Սարյանում շարունակում էին կյանքը վայելել այն ժամանակ, երբ մենք հայորդիներ եւ հեկտարներով տարածքներ էինք կորցնում սահմանին»,- ամփոփեց Աննա Հակոբյանը:

Այլ մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930