Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կառավարությունը չի թաքցրել, որ փորձելու է գտնել հարմար պահ եւ եկամտահարկի վերադարձման համակարգը վերանայել». Արման Պողոսյան

Ապրիլ 07,2021 15:24

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեցին «Հարկային օրենսգրքում» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ: Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկից ներկայումս վճարվող տոկոսների չափով փոխհատուցում է արվում:

Ինչպես զեկուցեց Թունյանը, առաջիկայում հնարավոր է սահմանափակումների գնան ու այդ քաղաքականությունը փոխվի, բայց այս նախագծով կոնկրետ մի խնդիր են ուզում լուծել. նորակառույց բնակարաններում, երբ որ մարդիկ ձեռք են բերում նոր բնակարան, կնքվում է գնման կամ առուվաճառքի պայմանագիր, եղել են դեպքեր, երբ կառուցապատողները պայմանագրում գնման իրավունքի փոխարեն գրել են կառուցապատման իրավունք: Այդպիսի պայմանագիր ունեցողներին ՊԵԿ-ը մերժում է եկամտահարկը վերադարձնել՝ նշելով, որ օրենքում նշված չէ կառուցապատողին հետ տալ վճարված եկամտահարկը. «Այդ մարդիկ մեղք չունեն: Առաջարկում ենք օրենքում փոփոխություն անել, որ փոխհատուցումը ստանան: Խնդիրը վերաբերում է մոտ 1400 հոգու: Բավականին մեծ է թիվը: Դժգոհություն կա: Սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նաեւ պետական համակարգի համար»:

Մարդիկ են եղել, որ դիմել են դատարան ու ՊԵԿ-ին պարտավորեցվել է գումարը տալ: Եթե նույն սկզբունքով բոլոր տուժածները դիմեն, վարչարարության համար հավելյալ ծախս է անելու պետությունը ու միեւնույն է, վերջում տալու է փողը:

Կառավարության տեսակետը ներկայացնելով՝ Արման Պողոսյանն ասաց, որ դեմ են, հավելյալ 25-30 մլրդ-ի փոխհատուցման մասին է խոսքը ու որեւէ մեկը չի կարող ասել, թե դատարանը բոլոր դեպքերի հետ կապված կպարտավորեցնի՞ ՊԵԿ-ին վճարե՞լ, թե չի պարտավորեցնի: Նա նաեւ նշեց, որ սրընթաց աճում է շահառուների թիվը: Միայն անցյալ տարի վճարել են 13,3 մլրդ դրամ, 2019-ին վերադարձվել էր 7,5 մլրդ: Ավելի քան 12 հազար 300 վարկառու ու համավարկառու կա. «Կառավարությունը չի թաքցրել, որ փորձելու է գտնել հարմար պահ եւ համակարգը վերանայել: Կա՛մ պետք է դրա գործունեությունը դադարեցվի, իհարկե, բոլոր նրանք, ովքեր հասցրել են մաս կազմել, մինչեւ իրենց վարկային պայմանագրի ավարտը կշարունակվի, կա՛մ պետք է համակարգը ձեւափոխվի»:

Կառավարության դիրքորոշմամբ, հիմա այլ առաջնահերթություններ ունեն՝ հետպատերազմական իրավիճակ է, կորոնավիրուս: Ինչ վերաբերում է նախագծի ռիսկերին, նա ասաց, որ կառուցապատողի իրավունքը կարող է հետագայում վերավաճառվել ու մի գործարքի շրջանակներում մեկից ավելի անձինք դառնան շահառուներ ու անարդարացիորեն եկամտահարկի վերադարձ ապահովեն պետությունից:

Հանձնաժողովի անդամները ընդունում են, որ չեն կարող խաբեբայի կանխավարկածով շարժվել եւ այն մարդիկ, որոնք բնավ մեղք չունեն նման պայմանագրերի համար, զրկվեն իրենց իրավունքից՝ ստանալու եկամտահարկի վերադարձ հիփոթեքային վարկերի համար:

Իմքայլական Հովիկ Աղազարյանն առաջարկեց սպասել, մինչեւ ԱԺ-ն ցրվի, նոր խորհրդարանն այդ հարցին լուծում կտա:

Քննարկումից հետո որոշվեց նախագիծը երկու ամսով հետաձգել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930