Այսօր կանանց ցույցի ժամանակ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նաեւ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի աղջկան` Աստղիկ Մանուկյանին:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանի կինը`Վարդուհի Իշխանյանն ասաց, որ ոստիկանները փորձել են Աստղիկին բերման ենթարկել, բայց հետո ազատ են արձակել. «Աստղիկին բերման էին ենթարկում, ես մոտեցա, որ ազատեմ`ստացվեց: Չտարան»:
Կարդացեք նաև
Վարդուհի Իշխանյանը նաեւ տեղեկացրեց, որ ցույցի ժամանակ բերման ենթարկվածների մեծ մասը ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում էին եւ այդ պատճառով ցուցարարները կառավարության շենքի մոտից շարժվել են ոստիկանության այդ բաժանմունք: Այս պահի դրությամբ, ըստ մեր զրուցակցի, այս բաժանմունք բերման ենթարկվածների մի մասին արդեն ազատ են արձակել: Ցուցարարները շարժվում են ոստիկանության մյուս բաժանմունքներ, որտեղ նույնպես բերման ենթարկվածներ կան:
Իսկ մինչ այդ լրագրողների հետ զրույցում Վարդուհի Իշխանյանն ասել էր, որ պատրաստվում է մասնակցել բոլոր ցույցերին, որոնք միտված են այս իշխանությանը հեռացնելուն. «Պիտի մասնակցենք այնքան, մինչեւ արդյունքի հասնենք, թեկուզ եթե երկու հոգով մնանք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ