Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարող է քննարկել երկկողմ օրակարգի հարցեր, ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված խնդիրներ: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Հրթիռի մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ, տեղեկության չեմ տիրապետում»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե արդյոք Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից առաջ զեկուցում ստացել է ադրբեջանական կողմի՝ «Իսկանդերի» հրթիռ հայտնաբերելու հայտարարության մասին:
Ինչ վերաբերում է Պուտինի և Փաշինյանի զրույցին, ապա Պեսկովի խոսքով՝ նրանք քննարկելու են երկկողմ օրակարգի հարցեր:
«Մեզ մոտ ակտիվ աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, մեր կողմից փոխվարչապետ Օվերչուկի համանախագահությամբ: Դա, իհարկե, նաև ինտեգրացիոն գործընթացներն են, քանի որ մենք ամուր տնտեսական գործակցություն ունենք Հայաստանի հետ և՛ ԱՊՀ շրջանակում, և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եվ, իհարկե, այն, թե ինչպես է իրականացվում Ղարաբաղի հարցով համատեղ եռակող հայտարարությունը, ինչպես է շրջանում դասավորվում խաղաղ կյանքը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և զարգացումը և այլն»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ