Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանրային քննարկման է ներկայացվել միջին մասնագիտական կրթության հաստատությունների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը

Ապրիլ 07,2021 14:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ըստ մասնագիտությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ապահովել պարտադիր միջնակարգ կրթություն, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ՀՀ աշխատաշուկայի պահանջներով պայմանավորված:

Որոշման նախագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Նախնական մասնագիտական կրթական ծրագրով առաջարկվել է հատկացնել 3512 տեղ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 5784:

Ընդունելության տեղերը հաստատվում են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հատկացնում է իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին:

Փաստաթղթի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև ուսումնական հաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկներով պայմանավորված մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը՝ ըստ մասնագիտությունների:

Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում սոցիալական խնդիրներն առավել ակնհայտ են, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Նշենք, որ ներկայում մարզերի ուսանողների շուրջ 95%-ը սովորում է անվճար ուսուցման համակարգում:

Հավելենք, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու, ինչպես նաև ընդունելության կարգով առնվազն վճարովի համակարգի համար անցումային միավոր հավաքելու դեպքում առնվազն ընդունվում են մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2021/2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Գործերի ընդունելության ավարտից հետո այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով ներդրվող նոր մասնագիտություններին, մասնավորապես, «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»  և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ:

Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններին, որոնցով առկա են հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ:

Քաղաքացիները և շահառու խմբերը  մինչև ապրիլի 27-ը  կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930