«Առհասարակ մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած գործընթացների առնչությամբ։ Համապատասխան մեկնաբանությունները ստացեք պատկան մարմիններից։ Ես չեմ կարող մեկնաբանել դատախազության կամ դատարանի որոշումները»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ «Մարտի 1-ի էջն իրավական առումով կարելի՞ է փակված» համարել հարցին՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) քրեական հետապնդումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների հանդեպ դադարեցվեց։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ իրենց քաղաքական նպատակը եղել է մարտյան ցավալի իրադարձությունների բացահայտումը եւ դատաիրավական բարեփոխումները, զրո հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ․ «Ամեն գործընթացի համար կա կոնկրետ պատասխանատու եւ չի կարելի բոլոր հարցերի պատասխաններն ակնկալել իշխանությունից։ Ազնիվ պետք է լինել եւ ընդունել, որ որոշ հարցերում, այո, ունենք ձախողումներ։ Ընդհանրական եմ ասում»։
Դառնալով սահմանադրական կարգի տապալման գործին՝ Բադասյանը նկատեց, որ հիմա նոր հանգամանքներ կան՝ ՍԴ որոշում, առաջին ատյանի դատարանի որոշում․ «Ես պատասխանատում եմ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար։ Հիմնական քննադատությունն այն է, որ վեթինգ չի արվել, եւ ես պատրաստ եմ կրել ցանկացած քաղաքական պատասխանատվություն։ Անկախ դատական համակարգի ստեղծման մեր պայքարը չի ավարտվել»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ համարո՞ւմ եք, որ հիմա ՍԴ-ն անկախ է․ «ՍԴ ճգնաժամը մեկնաբանվել է։ Կային դատավորներ, որոնք ունեին տարբեր կարգավիճակներ»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը։
«Երբ որոշներն ասում էին, որ ունենք անկախ դատական իշխանություն, ես ասում էի, որ անգամ մոտ չենք դրան, խորքային խնդիրներ կան»,-մեկնաբանելով նշյալ փաստը՝ ասաց Բադասյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ